Անկանոն մտքեր #6. Զրադաշտ


Գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն իր «Այսպես խոսեց Զրադաշտը» փիլիսոփայական աշխատությունում օգտագործել է Զրադաշտի կերպարը սեփական փիլիսոփայական հայացքները ներկայացնելու համար։ Տասը տարի լեռներում իբրև մենակյաց ապրելուց հետո Զրադաշտը որոշում է իր իմաստնությունը կիսել մարդկանց հետ։ Նա Չալպուտուր կով կոչվող ինչ-որ քաղաքի շուկայի հրապարակում քարոզում է գերմարդուն, սակայն իր ունկնդիրների կողմից արժանանում է ծաղրանքի։ Նա թողնում է ամեն ինչ և սկսում է որոնել իր համախոհներին...



Դու մե՜ծ լուսատու: Ի՜նչ կլիներ քո երջանկությունը, եթե դու չունենայիր նրանց, ում լույս ես տալիս:


Մարդը մի բան է, որ պետք է հաղթահարվի: Դուք ի՞նչ եք արել նրան հաղթահարելու համար: Բոլոր էակները ցարդ մի բան ստեղծել են իրենցից վեր. իսկ դուք կամենում եք այդ մեծ ալիքի տեղատվությու՞նը լինել և դեռ ավելի շուտ առ կենդանին ետ դառնալ, քան հաղթահարե՞լ մարդուն:


Ի՞նչ է կապիկը մարդկանց համար: Ծաղրուծանակ կամ տանջալի ամոթ: Եվ ճիշտ նույնը պետք է լինի մարդը գերմարդու համար՝ ծաղրուծանակ կամ տանջալի ամոթ: Դուք անցել եք ճանապարհը ճիճվից մինչև մարդ, բայց ձեր մեջ դեռևս ճիճու է շատ բան: Երբևէ դուք կապիկ էիք, և նույնիսկ դեռ հիմա մարդը ավելի է կապիկ, քան որևէ կապիկ:


Ո՞ւմ է կինն ատում ավելի շատ։ Այսպես է երկաթն ասում մագնիսին․ «Ամենից շատ ես քեզ ատում եմ նրա համար, որ դու ինձ ձգում ես՝ չունենալով այնքան ուժ, որպեսզի հետևիցդ քաշես»։


Տեսե՜ք, ես ձեզ գերմարդն եմ ուսուցանում: Գերմարդն է իմաստը երկրի: Ձեր կամքը թող ասի՝ եղիցի՜ գերմարդը իմաստը երկրի:

Ես ձեզ թախանձում եմ, իմ եղբայրներ, հավատարի՜մ մնացեք երկրին և մի՛ հավատացեք նրանց, ովքեր ձեզ վերերկրային հույսերից են խոսում: Թույն կաթեցնողներն են դրանք, գիտեն այդ, թե ոչ: Նրանք արհամարհում են կյանքը, իրենք մահացողներ և թունավորվածներ, որոնցից հոգնել է երկիրը. արդ թող կորչե՛ն դրանք: Մի ժամանակ անարգանքն առ Աստված անարգանքն էր մեծագույն, բայց Աստված մեռավ, և հետը նաև նույն անարգիչները մեռան:


Իսկական տղամարդը երկու բան է ուզում` վտանգ և խաղ: Դրա համար էլ նա կամենում է կնոջը, իբրև ամենավտանգավոր խաղալիքը:


Ճշմարիտ եմ ասում՝ աղտոտ գետ է մարդը: Արդեն պետք է ծով լինել, որ կարողանաս աղտոտ մի գետ մեջդ առնել` առանց կեղտոտվելու: Տեսեք, ես ձեզ գերմարդն եմ ուսուցանում. նա է այդ ծովը, լոկ նրա մեջ կարող է ձեր մեծ արհամարհանքը սուզվել:


Մարդը լար է՝ ձգված կենդանու և գերմարդու միջև,- լար՝ անդունդի վրա: Վտանգավոր է առաջ գնալը, վտանգավոր է ճանապարհին կենալը, վտանգավոր է ետ նայելը, վտանգավոր է սոսկալը և կանգնած մնալը: Ի՛նչն է մարդու մեջ մեծ՝ որ նա կամուրջ է և ո՛չ նպատակ. ի՛նչը կարող է մարդու մեջ սիրվել՝ որ նա անցում է և գահավիժում:


Ես սիրում եմ նրան, ով ամաչում է, երբ որ զառը իր բախտից է բերում, և ով այդժամ հարց է տալիս՝ մի՞թե ես զառ բռնող եմ...


Ամենաարհամարվածը վերջին մարդն է:


Ես ասում եմ ձեզ՝ մեջդ տակավին քաոս պետք է ունենաս, որպեսզի կարող լինես պարող մի աստղ ծնել:

Մարդիկ աշխատում են տակավին, որովհետև աշխատանքը ժամանց է։ Բայց հոգում են, որ ժամանցը չուժասպառի:


Ոչ սատանա կա, ոչ էլ դժոխք: Քո հոգին ավելի շուտ կմեռնի, քան մարմինդ. արդ ոչնչից այլևս մի վախենա:


Նա, ով կերակրում է սովյալին, սեփական իր հոգին է զորացնում. այսպես է ասում իմաստնությունը:


Քնելը ամենևին հեշտին արվեստ չէ. դրա համար արդեն իսկ պետք է ողջ օրը արթուն մնաս: Ինքդ քեզ պետք է ցերեկով տասնապատիկ հաղթահարես. դա լավ հոգնություն է բերում և խաշխաշ (քնաբեր բույս) է հոգու:


Հաշտ լեր Աստծո և հարևանի հետ. լավ քունը այդպես է պահանջում: Եվ հաշտ եղիր նաև հարևանի սատանայի հետ: Այլապես նա գիշերով քեզ այցի կգա:


Ես լավագույն հովիվ նրան կասեմ. ով իր ոչխարը փարթամ արոտներն է քշում:


Մի թողեք բարձրացածին դարձյալ հետ իր ցածը ընկնի:

Այլ բան է միտքը, այլ բան՝ արարքը և այլ բան՝ պատկերը արարքի: Պատճառականության անիվը չի պտտվում նրանց միջև:



Ի՞նչ է այս մարդը: Հիվանդությունների կույտ, որոնք ոգու միջոցով թափանցում են աշխարհ. այստեղ նրանք իրենց ավարն են ուզում հափռել: Ի՞նչ է այս մարդը: Կատաղի օձերի կծիկ, որոնք միասին հազվադեպ են հանգիստ լինում,- և ահա նրանք իրենց համար ցրիվ են գալիս և աշխարհում ավար են փնտրում:


Ով այժմ հիվանդանում է, նրա վրա հարձակվում է չարը, որը հիմա է չար. նա ցավ է ուզում պատճառել նրանով, ինչը իրեն է ցավ պատճառում:


Երբևէ ոգին աստված էր, ապա մարդ դարձավ, իսկ այժմ նույնիսկ ամբոխ է դառնում:


Ժամանակն է արդեն, որ մարդը իր նպատակը դնի իրեն: Ժամանակն է արդեն, որ մարդը ծիլը սերմանի իր բարձրագույն հույսի:

Արիությունը, որը վանում է ուրվականներին, ինքն է իր համար քաջքեր ստեղծում:


Հիվանդներ և մահացողներ էին նրանք, որոնք մարմին ու երկիր արհամարհեցին և երկինքը հորինեցին և կաթիլները քավիչ արյան. բայց նույնիսկ քաղցր ու մռայլ այդ թույները նրանք մարմնի՜ց ու երկրի՜ց վերցրեցին: Ում օղակի մեջ է առնում նախանձավորության բոցը, նա կարիճի հանգույն ինքն իր դեմ է ի վերջո թունոտ խայթը շրջում:


Դուք վերև եք նայում, երբ ձգտում եք բարձրանալ: Իսկ ես նայում եմ ներքև, քանզի բարձրացել եմ:


Ով ամենաբարձր լեռներն է բարձրանում, նա ծիծաղում է կյանքի և բեմի բոլոր ողբերգությունների վրա:


Ճիշտ է, մենք սիրում ենք կյանքը, բայց ոչ թե որ կյանքին, այլ որովհետև սիրելուն ենք սովոր: Սիրո մեջ միշտ մի քիչ խելագարություն կա: Սակայն խելագարության մեջ էլ միշտ մի քիչ բանականություն կա:


Դու ցերեկով տասը ճշմարտություն պետք է գտնես. թե չէ գիշերով էլ ճշմարտություն կփնտրես, և քո հոգին կմնա սոված: Ցերեկով պետք է տասնապատիկ ծիծաղես և զվարթ լինես. թե չէ գիշերով քեզ հանգիստ չի տա ստամոքսդ, տրտմության դույն հայրը: Քչերը սա գիտեն՝ սակայն բոլոր առաքինությունները պետք է ունենալ՝ լավ քնելու համար:


Տղամարդը կանանց համար միջոց է միայն. նպատակը միշտ էլ զավակն է:

Ես սովորեցի քայլել. այդ պահից ի վեր ես ինձ թույլ եմ տալիս վազել: Ես սովորեցի թռչել. այդ պահից ես չեմ սպասում նախ հրեն, որ տեղիցս պոկվեմ:


Տեսե՛ք, ինչպես են մագլցում այդ արագոտն կապիկները։ Դրանք մագլցում են իրար գլխով ու քաշքշելով ընկնում ցեխի մեջ։ Գահին են ձգտում դրանք բոլորը․ դրանց խենթությունն է այդ, կարծես երջանկությունն է բազմած գահի վրա։ Հաճախ ցեխն է բազմում գահի վրա և հաճախ էլ գահը՝ ցեխի:


Ավելի լավ է մարդասպանի ձեռքն ընկնել՝ քան մի կրքոտ կնոջ երազի մեջ:


Իսկական տղամարդու մեջ թաքնված է մի մանուկ, և սա խաղալ է ցանկանում: Մի խաղալիք է կինը, մաքուր ու նուրբ որպես գոհար, լուսաշող մի աշխարհի առաքինություններով, որ դեռ գոյություն չունի:


Ամուսնությունը վերջ է տալիս բոլոր կարճ հիմարություններին որպես երկար հիմարություն:


Թող վախենա տղամարդը կնոջից, երբ նա սիրում է. նա ամեն ինչ կզոհաբերի. նրա համար մնացած բոլորը դատարկ բաներ են:


Ամենը, ինչի մասին շատ են մտածում, դառնում է կասկածելի:


Գալիքն ու ամենահեռավորը թող լինեն պատճառը քո այսօրվա:

Ոչ միայն նա է ստում, ով իր իմացածի հակառակն է խոսում, այլ մանավանդ նա, ով իր չիմացածի հակառակն է խոսում:


Արժեքների փոփոխությունը` արարողների փոփոխություն է:


Որ ամեն ոք կարդալ պիտի սովորի՝ այս միտքը փչացնում է ոչ միայն գրելու ցանկությունը, այլև մտածելու:


Ո՛վ արյունով ու հակիրճ ասացվածքներով է գրում՝ նա չի կամենում, որ իրեն կարդան, այլ` անգիր անեն:


Մենք վատ ենք վարձատրում մեր ուսուցչին, երբ միշտ միայն աշակերտ ենք լինում:


Սիրել նրանց, ովքեր արհամարհում են մեզ, և ձեռք պարզել այն ուրվականին, որ մեզ վախեցնել է կամենում:


Այս աշխարհը հավերժորեն անկատարյալ է, պատկերը՝ մի հավերժական հակասության, մի անկատար պատկեր, արբեցուցիչ մի վայելք իր անկատար արարչի համար:


Սակայն վատթարագույն թշնամին, ում դու կարող ես հանդիպել, միշտ ինքդ ես լինելու,- դու ինքդ ես քեզ դարանակալում անձավներում և անտառներում:

Ծա՛նր է կյանքը, բայց շատ էլ քնքո՜ւշ մի ձևացեք․ մենք բոլորս էլ գեղեցիկ բեռնատար էշեր և իշուհիներ ենք:




Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ