Հովհաննես Թումանյան. Քառյակներ



Երկու դարի արանքում, Երկու քարի արանքում, Հոգնել եմ նոր ընկերի Ու հին ցարի արանքում։

1917, Հունվարի 15

Ծով է իմ վիշտն, անափ ու խոր, Լիքն ակունքով հազարավոր. Իմ զայրույթը լիքն է սիրով, Իմ գիշերը` լիքն աստղերով։

1917, Փետրվարի 9

Հին աշխարհքը ամեն օր Հազար մարդ է մտնում նոր, Հազար տարվան փորձն ու գործ Ըսկսում է ամեն օր։

1917, Նոյեմբերի 11

Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք, Քանի՛ օրվա հյուր ընկանք, Սերն ու սիրտն էլ երբ չկա` Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։

1917, Նոյեմբերի 30

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես, Նենգ ու դավ եմ տեսել ես, Տարել, ներել ու սիրել,- Վատը` լավ եմ տեսել ես։

1917, Դեկտեմբերի 24

Քանի՜ ձեռքից եմ վառվել, Վառվել ու հուր եմ դառել, Հուր եմ դառել` լույս տվել, Հույս տալով եմ սպառվել։

1917, Դեկտեմբերի 24

Երազումս մի մաքի Մոտս եկավ հարցմունքի. ― Աստված պահի քո որդին, Ո՞նց էր համը իմ ձագի…

1917, Դեկտեմբերի 24

Հոգիս` տանը հաստատվել - Տիեզերքն է ողջ պատել. Տիեզերքի տերն եմ ես, Ո՞վ է արդյոք նկատել։

1917, Դեկտեմբերի 27

Ո՜նց է ժպտում իմ հոգին Չարին, բարուն,― ամենքին. Լույս է տալիս ողջ կյանքիս Ու էն ճամփիս անմեկին։

1918, Հունվարի 4

Լինե՜ր հեռու մի անկյուն, Լինե՜ր մանկան արդար քուն, Երազի մեջ երջանիկ, Հաշտ ու խաղաղ մարդկություն։

1918, Փետրվարի 2

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան. Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար, Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։

1918, Նոյեմբեր

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն, Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն. Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մէջ վայրենի… Ա՜խ, թէ նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տուն…

1919 Նոյեմբերի 21

Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ, Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ. Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ, Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

1919, Նոյեմբեր

Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն. Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն. Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի. Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։

1919, Դեկտեմբերի 8

Լուսը լուսին Քո ժպիտն է իմ երեսին ճառագում, Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի հողն եմ ես հակվում. Էսպէս էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր Կայծակնահար կաղնին ոտքի` չորանում է օրեցօր։

1920, Նոյեմբերի 24

Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր. Ես լըսում եմ Նրա անլուռ կանչն ու շունչը ամենուր. Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունչը ամենուր։

1921, Փետրվարի 14

Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու, Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու` Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ Դէպ Արևելքն աստվածային` հայրենիքը իմ հոգու…

1921, Մայիսի 1

Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում, Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,- Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ, Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

1921, Մայիսի 2

Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ. Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ, Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

1921, Մայիսի 3

Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ, Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ, Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ` Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կըհասնեմ Նրա մոտ…

1921, Մայիսի 16

Աստծու բանտն են տաճարները- աշխարհքներում բովանդակ. Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ։ Հարկավ` ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին, Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին։

1921, Օգոստոսի 25

Ի՜նչ իմանաս ըստեղծողի գաղտնիքները անմեկին. Ընկեր տըվավ, իրար կապեց Էս աշխարհքում ամենքին. Բանաստեղծին թողեց մենակ, մե՜ն ու մենակ իրեն պես, Որ Իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին։

1920, Մարտի 30

Խայամն ասավ իր սիրուհուն.- «Ոտըդ ըզգույշ դիր հողին, Ո՜վ իմանա ո՜ր սիրունի բիբն ես կոխում դու հիմա…»: Հեյ ջա՜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի։

1920, Ապրիլի 6

― Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին. Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին. Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր, Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։

1922, Հուլիսի 8

- Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։ Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։ Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն, Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։

1922, Օգոստոսի 24

Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ