Անկանոն մտքեր #9. Լև Տոլստոյ



Եթե վայրենին դադարել է հավատալ իր փայտե աստծուն, դա դեռ չի նշանակում, որ Աստված չկա․ դա նշանակում է, որ Աստված փայտից չէ։


Մարդը նման է կոտորակի. հայտարարում նրա կարծիքն է իր մասին, համարիչում` այն, ինչ նա փաստացի իրենից ներկայացնում է: Որքան մեծ է հայտարարը, այնքան փոքր է կոտորակը։


Իշխանության ուժը պահպանվում է ազգի տգիտության շնորհիվ։ Իշխանությունը գիտի դա և այդ պատճառով էլ միշտ կպայքարի լուսավորչության դեմ։


Բոլոր երջանիկ ընտանիքները նման են միմյանց, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի։


Թող յուրաքանչյուր ոք ավլի իր տան առաջ։ Եթե ամեն մեկն այդպես վարվի, ողջ փողոցը մաքուր կլինի։


Նյութական ու մտավոր թույների տարբերությունն այն է, որ նյութական թույների մեծ մասը տհաճ համ ունեն, իսկ մտավոր թույները թերթերի և գրքերի տեսքով, ցավոք, հաճախ գրավիչ են։


Աշխարհն առաջ է շարժվում նրանց շնորհիվ, ովքեր տառապում են։

Ինչպես անհատի, այնպես էլ ողջ մարդկության կյանքը անդադար պայքար է մարմնի և ոգու միջև։ Այդ պայքարում ոգին միշտ հաղթանակ է տանում, բայց դա վերջնական չէ երբեք. այդ պայքարն անվերջ է և կազմում է կյանքի էությունը։


Երբ կլսես, թե ինչպես են մարդիկ խոսում այլոց արատների մասին, մի՛ կիսիր նրանց այդ վայելքը։ Երբ կլսես այլոց վատ գործերի մասին, մինչև վերջ մի՛ լսիր և փորձիր մոռանալ այն, ինչ լսել ես։ Իսկ բարի գործերի մասին լսելով, հիշի՛ր և տարածի՛ր։ Արա այդպես, և շուտով այնքան կընտելանաս դրան, որ երբ լսես մարդկանց չարագործությունների մասին, դա քեզ այնպես կցավեցնի, կարծես հենց քեզ են կշտամբում, և երբ մերձավորիդ մասին մի վատ խոսք կպոկվի լեզվիցդ, դա քեզ համար նույնքան ցավագին կլինի, կարծես ինքդ քեզ ես հարվածել։


Եկեղեցի։ Այսպես է կոչվում այն խաբեությունը, որի միջոցով մի խումբ մարդիկ ցանկանում են կառավարել մյուսներին։


Իշխողների համար հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, քան սեփական փառասիրական և շահամոլական նպատակներին հասնելու միջոց, իսկ իշխվողների համար՝ հրաժարում մարդկային արժանապատվությունից, բանականությունից, խղճից, և ստրկական ենթակայություն նրանց, ովքեր իշխում են։


Կյանքիս երջանիկ հատվածները լոկ նրանք են եղել, երբ ողջ կյանքս տվել եմ մարդկանց ծառայելուն։

Մարդ պետք է միշտ ուրախ լինի։ Եթե ուրախությունը վերջանում է, տես, թե ինչում ես սխալվել։


Անցած գիշեր ես մտածեցի, որ կյանքի իմաստի պարզագույն ձևակերպումը կարող է լինել հետևյալը․ աշխարհը շարժվում է և կատարելագործվում։ Գլխավոր խնդիրն այդ շարժման մեջ սեփական ներդրումն ունենալն է՝ նրան ենթարկվելով և նրա հետ համագործակցելով։


Անմահությունը, բնականաբար ոչ ամբողջովին, իրականացվում է, անկասկած, սերունդների մեջ։


Հաճախ լսում ես, թե ինչպես է ջահելությունն ասում․ ես չեմ ցանկանում ապրել ուրիշի խելքով, ես ինքս կմտածեմ։ Ինչո՞ւ ես մտածում արդեն մտածածը։ Վերցրու ձեռքիդ տակ եղածն ու շարժվիր առաջ։ Սրանում է մարդկության ուժը։


Ամենատարածված մոլորություններից մեկը մարդկանց բարի, չար, հիմար, խելացի համարելն է։ Մարդը հոսում է, և նրանում առկա են բոլոր տարբերակները․ հիմար էր, դարձավ խելացի, չար էր, դարձավ բարի, և հակառակը։ Սրանում է մարդու մեծությունը։ Եվ այսպիսով, հնարավոր չէ մարդուն դատել։ Որի՞ն։ Դատապարտեցիր, իսկ նա արդեն ուրիշ է։ Չի կարելի և ասել՝ չեմ սիրում։ Ասեցիր, իսկ նա արդեն փոխվել է։


Մի՛ վախեցիր չիմանալուց, վախեցիր սխալ իմանալուց։ Դրանից է ամբողջ չարիքը։

Խոսքը վեհ երևույթ է։ Վեհ է նրանով, որ կարող է միավորել մարդկանց, բայց կարող է և բաժանել․ խոսքով կարելի է ծառայել սիրուն, կարելի է և ծառայել ատելությանն ու թշնամանքին։ Զգուշացի՛ր այն խոսքից, որ պառակտում է մարդկանց։


Հանուն կերակուրի այլ կենդանիներին սպանելով, մարդն իր մեջ ճնշում է բարձրագույն հոգևոր զգացմունքները՝ կարեկցանքն ու խղճահարությունն իր նման այլ կենդանի արարածների նկատմամբ, և, ինքն իր վրայով անցնելով, քարացնում է սեփական սիրտը։ Ինչպե՞ս կարելի է հուսալ, թե աշխարհում խաղաղություն և բարգավաճում կհաստատվի, երբ մեր մարմինները կենդանի գերեզմանոցներ են, որտեղ թաղված են սպանված կենդանիները։


Կան մարդիկ, որոնք հպարտանում են սեփական կրքերի ուժգնությամբ, ոչ թե կրքերի հանդեպ իրենց ազդեցության հզորությամբ։


Մարդկանց կյանքը նկարագրել, ընդհատելով այն նրանց ամուսնությամբ, նույնն է, թե նկարագրել մի մարդու ճանապարհորդությունը, ընդհատելով մի տեղում, երբ ճանապարհորդն ընկնում է ավազակների ձեռքը։


Սերն անգին պարգև է։ Այն միակ բանն է, որ մենք կարող ենք նվիրել, և, միևնույնն է, այն կմնա մեզ մոտ։

Ճակատագրի մեջ պատահականություններ չկան․ մարդն ավելի շուտ ստեղծո՛ւմ, քան ստանձնում է սեփական ճակատագիրը։


Դու ասում ես՝ պետք չէ ջանք թափել, ինչ էլ անես, երբեք չես հասնի կատարելության։ Բայց չէ որ քո գործն այն չէ, որ հասնես կատարելության, այլ միայն այն, որ ավելի ու ավելի մոտենաս նրան։


Կառավարությունները, որպեսզի գոյություն ունենան, պետք է պաշտպանեն սեփական ժողովրդին այլոց հարձակումներից, բայց ոչ մի ժողովուրդ չի ցանկանում և չի հարձակվում մյուսի վրա։ Հետևաբար, կառավարությունները ոչ միայն չեն տենչում խաղաղության, այլև ջանասիրաբար մյուս ժողովուրդների մեջ իրենց հանդեպ ատելություն են բորբոքում, իսկ սեփական ժողովրդի մեջ՝ հայրենասիրություն, ինչից հետո հավաստիացնում են վերջինիս, թե վտանգի մեջ է և պետք է պաշտպանվել։


Ամուսնությունը տղամարդու և կնոջ այնպիսի միացում է, որի դեպքում նրանք խոստանում են միմյանց, որ եթե երեխաներ ունենան, ապա միմիայն իրարից։ Ամուսնանալ պետք է բացառապես հաշվարկով, և ոչ սիրով, հաշվի առնելով, թե որքանով ապագա կինը կօգնի, ոչ թե կխանգարի մարդկային կյանքով ապրելուն։


Կարողանալ սիրել՝ նշանակում է լինել ամենակարող։


Նա չէ գողը, ով վերցրել է իրեն անհրաժեշտը, այլ նա, ով պահում է, չտալով մյուսներին այն, ինչն իրեն պետք չէ, սակայն անհրաժեշտ է ուրիշներին։


Զգուշացի՛ր այն խոսքից, որ պառակտում է մարդկանց։

Հերոսական ելույթը, իմ կարծիքով, այն կլիներ, որ քահանան, հավաքելով իր հետևորդներին, դուրս գար բեմ և ժամերգության ու սրբապատկերների առջև խոնարհվելու փոխարեն ծնկի գար ժողովրդի առաջ և ներողություն խնդրեր նախկինում նրանց մոլորեցնելու համար։


Երջանկությունը հաճույքն է առանց ապաշխարանքի։


Մարդկանց հետ ապրելով՝ մի՛ մոռացիր այն, ինչ ճանաչել ես մենության մեջ։ Եվ մենության մեջ խորհրդածիր այն մասին, ինչ իմացել ես մարդկանց հետ շփվելիս։ Միտքը պետք է ծնվի շփման մեջ, բայց մշակումն ու արտահայտումը տեղի է ունենում մեկուսության մեջ։


Արվեստի մեծագույն գործերը հենց նրանով են մեծ, որ հասկանալի և հասանելի են բոլորին։


Պետք է լինել լապտերի նման՝ քամու և միջատների արտաքին ազդեցությունից մեկուսացված, և միևնույն ժամանակ մաքուր, թափանցիկ և թեժ վառվող։



Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ