Անկանոն մտքեր #3. Յոզեֆ Շվեյկ

Пост обновлен 31 мар. 2019 г.


Յոզեֆ Շվեյկը նշանավոր չեխ գրող-երգիծաբան Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ»* անմահ վեպի գլխավոր հերոսն է: Նա մինչև պատերազմը զբաղվում էր գողացած շների վաճառքով (Հաշեկի կենսագրությունից է)։ Դեպքերից մի քանի տարի առաջ զինվորական բժշկական հանձնաժողովը նրան «կատարյալ ապուշ» էր համարել և նա ազատվել էր զինվորական ծառայությունից։ Տառապում էր ռևմատիզմով, բայց երբ նրան կանչում են զորակոչային հանձնաժողովի ներկայանալու, նա հենակներով և սայլակով է գնում։ Արդյունքում ընկնում է հոսպիտալ, կայազորի բանտ, մեղադրվում որպես դասալիք և սիմուլյանտ, բայց ի վերջո ճանաչվում է զինվորական ծառայությանը պիտանի...



Ոչինչ չեմ կարող անել, ինձ զինվորական ծառայությունից ազատել են ապուշության համար։ Հատուկ հանձնաժողովն ինձ պաշտոնապես համարել է ապուշ։ Ես պաշտոնական ապուշ եմ։


Իմ ազգանո՞ւնը։ Շվեյկ։ Իսկ քո՞նը։ Բրաո՞ւն։ Կառլինի Նաբերեմնա փողոցում մի գդակ կարող Բրաուն կա, նա քեզ հո ազգական չի։ Չէ՞։ Այդպիսի մարդու չե՞ս ճանաչում... Ես էլ չեմ ճանաչում։ Մի անգամ տրամվայով անցնում էի, նրա խանութի ցուցանակն աչքովս ընկավ:


Վատ է, երբ մարդ հանկարծ սկսում է փիլիսոփայել, դրանից միշտ էլ սպիտակ ջերմախտի հոտ է գալիս։


Գրո՛ղը տանի, կյանքումս այսպիսի ապուշ համաշխարհային պատերազմ չեմ տեսել։ Ես այդ ամենը բոլորովին ուրիշ կերպ էի պատկերացնում։


Հո բոլորը չեն կարող խելոք լինել, բացառության կարգով պետք է հիմարներ էլ լինեն, որովհետև եթե բոլորը խելոք լինեին, ապա աշխարհում այնքան խելոք կլիներ, որ յուրաքանչյուր երկու մարդուց մեկը կատարյալ ապուշ կդառնար։


Զինվորը ոչինչից չպիտի վախենա։ Եթե, օրինակ, կռվի ժամանակ ընկել ես արտաքնոցի հորը, ապա լիզելով մաքրիր ինքդ քեզ եւ նորից նետվիր դեպի մարտ։


Համաշխարհային պատերազմը, այդ մեծ սպանդը, նույնպես յոլա չգնաց առանց քահանաների օրհնության։ Բոլոր բանակների գնդային քահանաներն աղոթում ու պատարագ էին անում այն կողմի հաղթանակի համար, որի հաշվին ապրում էին:


Ծախու սիրո, նիկոտինի և ալկոհոլի այդ մթնոլորտում անտեսանելի թևածում էր «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» հինավուրց նշանաբանը։

Տուր ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ ամբողջ երկրագունդը, քեզ էլ հետը, ո՜վ դու ֆանֆարոն։


Մյուս անգամ ավելի ուշադիր նայեցեք, թե ում հետ եք լողանում։ Ջրի մեջ ամեն մարդ նման է դեպուտատի, եթե նույնիսկ մարդասպան լինի։


Մի անգամ ես մի գիշերվա մեջ քսանութ տեղ եմ եղել, բայց, գլուխս գովել չլինի, ոչ մի տեղ երեք գավաթից ավելի գարեջուր չեմ խմել։


Երբեք ոչ մի տեղ ոչ ոք չի հետաքրքրվել անմեղ մարդու վիճակով։ Հիսուս Քրիստոսն էլ անմեղ էր, բայց և այնպես խաչեցին։


Մարդկանց այն աշխարհն ուղարկելու նախապատրաստությունները միշտ կատարվել են հանուն աստծո եւ կամ հանուն մի այլ բարձր էակի, որ ստեղծել է մարդկային երեւակայությունը։


Վակխանալիաներից ու օրգիաներից հետո միշտ վրա է հասնում բարոյական խումարը։ Դա, եղբա՛յր, բնության օրենքն է։


Այն մարդիկ, որոնք թունդ արտահայտություններից սրտնեղում են, պարզապես իրական կյանքից երկչող վախկոտներ են, և այդպիսի թույլ մարդիկ շատ մեծ վնաս են հասցնում կուլտուրային և հասարակական բարոյականությանը։


Ներկայումս հերոսներ չկան, կան միայն մորթելու ենթակա անասուններ եւ գլխավոր շտաբներում նստած մսագործներ։


Գժանոցում յուրաքանչյուրը կարող էր դուրս տալ ինչ խելքին փչեր, ինչպես պառլամենտում։

Հիմա բանտ նստելն ուղղակի հաճույք է: Ո՛չ մի քառատում, ո՛չ մի կաղապար։ Մահճակալ ունենք, սեղան ունենք, նստարաններ ունենք, տեղ շատ կա, մեզ կերակուր հասնում է, հաց տալիս են, կոտով ջուր են բերում, արտաքնոցը ուղղակի քթիդ տակ է։ Ամեն ինչում առաջադիմություն է նկատվում։ Ճիշտ է, հարցաքննության համար հեռու պիտի գնաս, բայց, դրա փոխարեն, սանդուղքների վրա մաքրություն ու կյանք կա։ Մեկին այստեղ են տանում, մյուսին՝ այնտեղ։ Մեկը ջահել է, մյուսը՝ ծեր, մեկը տղամարդ, մյուսը՝ կին։ Ուրախանում ես, որ համենայն դեպս մենակ չես այստեղ։


Կարճ ասած, ձեր բանը բուրդ է, բայց չպիտի հուսահատվել, վերջը լավ կլինի, ինչպես Պլզենում ասել է գնչու Յանեչեկը, երբ նրան դատապարտել են կախաղանի։


Դրախտի դռնից ներս մտնել թույլ էին տալիս միայն նշանաբառով, որը գեներալ Բիգլերն իսկույն հիշեց. «հանուն աստծո եւ կայսեր»։


Արդյոք կայարաններ լուսանկարելը դժվա՞ր է։ Ավելի հեշտ, քան մի այլ բան։ Նախ՝ կայարանը չի շարժվում, այլ կանգնած է միևնույն տեղում, իսկ, երկրորդ, կարիք չկա նրան ասելու. «Աշխատեցեք ժպտալ»։


Ի՞նչ է փառքը։ Ծո՛ւխ։ Նույնիսկ Իկարոսն իր թևերն այրեց։ Մարդ ասածն ուզում է հսկա լինել, բայց իրականում զիբիլ է։


Եթե կարգապահություն չլինի, ով ինչ ուզենա, կանի։ Մեր օբեր-լեյտենանտ Մակովեցը մեզ միշտ ասում էր. «Կարգապահությունը, իշի գլուխներ, անհրաժեշտ բան է։ Եթե կարգապահություն չլիներ, դուք կապիկների պես կմագլցեիք ծառերի վրա։ Զինվորական ծառայությունը, անբան անասուններ, ձեզ մարդ կդարձնի»։ Դեհ, մի՞թե այդպես չի։ Պատկերացրեք, օրինակի համար, Կառլի հրապարակի պուրակը, որտեղ յուրաքանչյուր ծառի վրա մի զինվոր է նստած առանց որևէ կարգապահության։ Ինձ ամենից շատ դա է վախեցնում։


Հեռու-հեռավոր անցյալում Եվրոպա է թռել-անցել այն ճշմարիտ խոսքը, թե վաղվա լինելիքը այսօր չի իմացվի։


Առհասարակ այդ քաղաքականության կոչվածը փոքրահասակ երեխաներին վայել զբաղմունք է։

Ներկայումս սպաների մեջ այլևս չկա ընկերության այն զգացումը, որ կար մեր ժամանակ։ Անցյալում ամեն մի սպա աշխատում էր իր կողմից մի բան անել բոլորին ուրախացնելու համար։ Պորուչիկ Դանկելը (այդպիսի մեկը կար), օրինակ, հանկարծ ոտից-գլուխ կմերկանար ակումբում, կպառկեր հատակին, սելյոդկայի պոչը կխոթեր հետույքն ու հավերժահարս կձևանար։


Չեմ կարող պատկերացնել, որ անմեղ մարդուն տասը տարի տան։ Ճիշտ է, մի անգամ մի անմեղի հինգ տարի էին տվել, այդպիսի բան լսել եմ, բայց տասը տարին, իսկապես, շատ շատ է։


Մինչ այստեղ թագավորին խփում էին տուզով, հեռու ռազմաճակատում թագավորներն իրար խփում ու ջարդում էին իրենց հպատակներով


Նա այնպիսի տեսք ուներ, որպիսին կունենար հունական գողության աստվածը ավստրիական հետեւակայինի համեստ համազգեստի մեջ։


Ռազմա-իրավաբանական ապարատը հոյակապ էր։ Այդպիսի դատական ապարատ ունի քաղաքական, տնտեսական ու բարոյական ընդհանուր փլուզման առաջ կանգնած ամեն մի պետություն։ Երբեմնի հզորության և փառքի լուսապսակը պահպանում էին դատարանները, ոստիկանությունը, ժանդարմերիան և մատնիչների ծախու ոհմակը։


Զինվորը միայն այն ժամանակ է քաջաբար կռվում իր թագավոր կայսեր համար, երբ աստծուն հավատում է և համակված է կրոնական զգացմունքով։ Միայն այն ժամանակ չի վախենում մահից, երբ գիտե, որ իրեն դրախտ է սպասում։


Առանց ժուլիկության էլ յոլա գնալ չի լինի։ Եթե բոլոր մարդիկ միայն ուրիշների բարեկեցության մասին մտածեին, ապա էլ ավելի շուտ իրար միս կկրծեին։


Թող լինի, ինչպես եղել է, չէ՞ որ որևէ կերպ եղել է, երբևէ չի եղել, որ մի կերպ չլինի։

Ձեզնից ով մեռել է, թող երեք օրվա ընթացքում ներկայանա կորպուսի շտաբին, որպեսզի դիակը սուրբ ջրով օծվի:


Այդ կովին առնվազն երկու շաբաթ պետք է թթու դնեին, իսկ եթե ոչ կովին, ապա գոնե նրան գնողներին:


Հիշիր երդումդ։ Եթե այստեղ պառկած լինի նույնիսկ հայրդ կամ հարազատ եղբայրդ, կլիզմա արա նրան, և վե՛րջ։ Մի մոռանա, որ Ավստրիան այդ կլիզմաների զորությամբ է դիմանում։


Բայց եւ այնպես պետք է խոստովանել, որ բոլորն էլ այնպիսի սրիկաներ չեն, ինչպես կարելի է կարծել։


Լղարների ազգանուններն, իհարկե, ավելի դժվար է հիշել, քան չաղերինը, որովհետեւ աշխարհում լղարներն ավելի շատ են։


Ամեն մի մարդ իր անվերջանալի կյանքի ընթացքում անհամար վերափոխությունների է ենթարկվում եւ իր գործունեության մի որոշ շրջանում պետք է այս աշխարհում գող դառնա։


Ամեն մաջար մեղավոր չէ, որ ինքը մաջար է։


Նրա տխմարությունն այնքան ակներեւ էր, որ բոլոր հիմքերը կային հուսալու, որ մի քանի տասնամյակ հետո նա կընկնի Թերեզյան զինվորական ակադեմիա կամ Զինվորական մինիստրություն։


Ոստիկանական վարչության պատերից փչում էր ժողովրդին օտար իշխանության գարշ հոտը։ Այդ իշխանությունը հետամուտ էր իմանալու, թե պատերազմի առթիվ բնակիչներն ինչպիսի տրամադրություններ էին արտահայտում։


․․․և ինչքան խմում, այնքան ավելի էինք սթափանում։

Մի անգամ Նուսլիում, հենց Բոտիչի կամրջի մոտ, երբ ես գիշերով վերադառնում էի Բանզետից, մի պարոն մոտեցավ ինձ ու դագանակով շրմփացրեց գլխիս։ Ես, հասկանալի է, գետին գլորվեցի, իսկ նա լուսավորեց ինձ ու ասաց. «Սխալ էր, սա նա չի», և այդ սխալն այնքան բարկացրեց նրան, որ մեկ անգամ էլ մեջքս դաղեց։ Դե՛հ, ի՞նչ արած, մարդուս ճակատին գրված է՝ սխալվել մինչև մահ ու գերեզման։


Ջորդանո Բրունոյի խարույկը դեռ ծխում է։ Վերսկսեցեք Գալիլեյի դատավարությունը։


Զբաղվեցեք, գրո՜ղը տանի, աստծուն որոնելով, իսկ ոջիլը տանը կորոնեք։ Սրանով, խուլիգաննե՛ր, ես վերջացրի ասելիքս եւ պահանջում եմ, որ պատարագի ժամանակ ձեզ կարգին պահեք, ոչ թե անցյալ անգամվա պես, երբ հետեւի շարքերում պետական սպիտակեղենը փոխում էին հացի հետ եւ այդ հացը լափում սուրբ հաղորդությունը բարձրացնելու պահին։


* Հետաքրքիր փաստեր (աղբյուր).

  • Վեպը հավանաբար համաշխարհային գրականության մեջ միակն է, որի հեղինակը չի կարդացել նրա ձեռագրերը, ոչ մաս-մաս, ոչ էլ լրիվ։ Վեպը գրվել է միանգամից մաքրագիր և յուրաքանչյուր գրված գլուխ անմիջապես ուղարկվել է խմբագրություն։

  • Շվեյկին հուշարձաններ են կանգնեցվել տարբեր երկրներում, բայց իր հայրենիքում՝ Չեխիայում Շվեյկին նվիրված հուշարձան չկա։

  • Յոզեֆ Շվեյկի անունով աստերոիդ կա՝ 7896 Շվեյկ:

  • Վերջին տարիներին փաստորեն հաստատվել է, որ գոյություն է ունեցել իրական Յոզեֆ Շվեյկ (1892-1965)՝ պրահացի արհեստավոր, ում Հաշեկը ճանաչել է 1911 թվականից, և ու հիմք է ծառայել Շվեյկ կերպարը ստեղծելուն։ Հետագայում Հաշեկը և Շվեյկը հանդիպել են Ռուսաստանում՝ գերության մեջ և որոշ ժամանակ ծառայել են նույն չեխական կամավորական գնդում։



Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ