Անկանոն մտքեր #2. Արթուր Շոպենհաուեր



Գերմանացի մեծ փիլիսոփա Արթուր Շոպենհաուերի (1788-1860) լավագույն մտքերից:

Նա, ով չի սիրում մենություն, չի սիրում նաև ազատություն, քանզի մարդը կարող է ազատ լինել միայն, երբ մենակ է:


Ամուսնանալ, նշանակում է երկու անգամ կրճատել սեփական իրավունքներն ու կրկնապատկել պարտականությունները:


Կա միայն մեկ բնածին արատ. դա այն համոզմունքն է, թե իբր մենք ծնվում ենք երջանիկ լինելու համար:


Հավատը և գիտելիքը կշեռքի երկու նժարներն են. որքան բարձրանում է մեկը, այնքան իջնում է մյուսը:


Մարդու իսկական բնավորությունը երևում է մանրուքներում, երբ նա դադարում է ինքն իրեն հետևել:


Յուրաքանչյուր մարդու համար իր մերձավորը մի հայելի է, որի միջից իրեն են նայում սեփական արատները: Այնուամենայնիվ, մարդը վարվում է այն շան նման, որը հաչում է հայելու վրա, ենթադրելով, թե այնտեղ ոչ թե իր արտացոլանքն է, այլ մեկ ուրիշ շուն:


Տաղանդը հասնում է այն նպատակին, որին ոչ ոք չի հասնում: Հանճարը հասնում է այն նպատակին, որը ոչ ոք չի տեսնում:


Իմ փիլիսոփայությունն ինձ ոչ մի եկամուտ չբերեց, բայց այն ազատեց ինձ բազում ծախսերից:


Երիտասարդության տեսանկյունից կյանքն անվերջանալի գալիք է, ծերության տեսանկյունից` կարճատև անցյալ:


Մեր երջանկության 9/10 մասը կախված է առողջությունից:


Ամենաէժանագին հպարտությունն ազգային հպարտությունն է: Նա, ով բարձր անձնական արժանիքներ ունի, անընդհատ հետևելով իր ազգին, առաջին հերթին նկատում է նրա թերությունները: Իսկ ողորմելի մարդը, չունենալով ոչինչ, ինչով կարող էր հպարտանալ, ձեռք է գցում առաջին պատահածին` սեփական ազգությամբ հպարտանալուն:


Կյանքը և երազները միևնույն գրքի էջեր են:


Ուրիշ ոչ ոքի մենք այդքան ճարպկորեն չենք խաբում և չենք քծնում, որքան ինքներս մեզ:


Որևէ մեկին իր կյանքի օրոք արձան կանգնեցնել, նշանակում է հայտարարել, որ հույս չկա, թե սերունդները նրան չեն մոռանա:


Թղթախաղը մտավոր սնանկության ակնհայտ դրսևորում է: Ի վիճակի չլինելով փոխանակվել մտքերով, մարդիկ փոխանակվում են խաղաքարտերով:


Փառասիրությունը մարդուն շատախոս է դարձնում:


Ովքեր հույս ունեն փիլիսոփա դառնալ փիլիսոփայության պատմությունն ուսումնասիրելով, ավելի շուտ պետք է դրանից այն պնդումը բխեցնեն, որ փիլիսոփա, ինչպես և բանաստեղծ, ծնվում են, ընդ որում` շատ ավելի հազվադեպ:


Սրտացավությունը բարոյականության հիմքն է:


Մարդկանց կարծիքը բարձր գնահատելը նրանց համար չափից դուրս մեծ պատիվ կլիներ:


Ամեն ոք դիմացինի մեջ նկատում է միայն այն, ինչ իր մեջ է առկա, քանզի նա կարող է հասու լինել և հասկանալ ուրիշին լոկ սեփական ինտելեկտի սահմաններում:


Բոլոր ազգերը հեգնում են միմյանց, և բոլորն էլ հավասարապես իրավացի են:


Մեզանում ավելի իմաստուն մի բան կա, քան գլուխն է: Հենց կարևորագույն պահերին, կյանքի գլխավոր քայլերն անելիս մենք առաջնորդվում ենք ոչ այնքան հստակ պատկերացներումով, թե ինչ է պետք անել, որքան ներքին մի իմպուլսով, որ գալիս է մեր էության ամենախորքերից:


Առանձին վերցրած մարդը լքված Ռոբինզոնի նման անօգնական է. միայն ուրիշների ընկերակցությամբ է նա ունակ մեծ գործերի:


Մարդը միակ կենդանին է, որն ուրիշներին ցավ է պատճառում, չունենալով որևէ այլ նպատակ:


Մարդու դեմքը շատ ավելի հետաքրքիր բաներ է պատմում նրա մասին, քան նրա շուրթերը. շուրթերը մարդո՛ւ միտքն են արտահայտում, դեմքը` բնության:


Բարոյականություն քարոզելը հեշտ է, այն հիմնավորելն է դժվար:


Ինչպես սեփական մարմնիդ ծանրությունն ես տանում, չնկատելով այն և զգում ես ցանկացած օտար ծանրություն, նույն կերպ չես նկատում նաև սեփական արատներդ ու թերություններդ, և տեսնում ես ուրիշներինը միայն:


Միջակ մարդը մտահոգվում է, թե ինչպես ժամանակ սպանի, իսկ տաղանդավոր մարդը ձգտում է ամեն կերպ այն օգտագործել:


Յուրաքանչյուր երեխա մասամբ հանճար է, իսկ յուրաքանչյուր հանճար մասամբ երեխա է:


Երևելի մտածողների մտքերը հասարակ գլխի միջով ֆիլտրվելուն հարմարեցված չեն:


Մարդիկ զգում են, որ իրենց խղճին և կեցվածքին համապատասխան հասարակության գործունյա անդամ լինելն այնքան էլ էական չէ, որքան այլոց հայացքներում այդպիսին թվալը: Այստեղից է գալիս ուրիշների բարեհաճո կարծիքների այդ փութաջան որսը:


Մարդկային ցեղի զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկը պետք է համարվի այն, որ մարդիկ ականջ են դնում ոչ թե նրան, ով բոլորից խելացի է, այլ նրան, ով բոլորից բարձր է խոսում:


Մի՛ ասա ընկերոջդ այն, ինչ չպետք է իմանա թշնամիդ:


Միջոցը չի կարող նպատակից ավելի թանկ լինել:


Այն մարդիկ, ովքեր ձեռքից բաց են թողնում ներկան, չօգտվելով նրանից և չվայելելով այն, և փոխարենը հույսերով ու նկրտումներով ապրում են միայն ապագայում, նման են Իտալիայում պահվող այն էշերին, որոնց ընթացքն արագացնում են` գլխին ամրացված փայտի միջոցով նրանց քթի առաջ խոտի դեզ կախելով, ու էշերն անընդհատ առաջ են գնում, ձգտելով հասնել խոտին:


Մարդկային երջանկության մեծագույն թշնամիներն են ցավը և ձանձրույթը:


Մարդկանց շփվող է դարձնում սեփական անձը մենության մեջ տանել չկարողանալը: Դժգոհությունը ներքին դատարկությունից` սա է նրանց մղում դեպի հասարակություն:


Բնությունը մարդկանց միջև բոլոր առումներով շատ սուր տարբերակում է դրել: Հասարակությունը, արհամարհելով դա, բոլորին դնում է միևնույն պատվանդանին, և ավելին, արհեստական տարբերակում է մտցնում` ըստ դասակարգերի և ծագման աստիճանների, ինչը շատ հաճախ բնության կողմից տրված կարգերի հակադարձ պատկերն է:


Կանոնը հասկանալը մի բան է, այն կիրառել իմանալը` այլ: Առաջինը մտքի կողմից յուրացվում է միանգամից, երկրորդը` վարժությունների միջոցով, աստիճանաբար:


Ի՞նչ հետևության եկան ի վերջո Վոլտերը, Հյումը և Կանտը. նրան, որ այս աշխարհը հոսպիտալ է անբուժելիների համար:


Եվ, այնուամենայնիվ, այս աշխարհում, ամեն անգամ նորից մեզ ցնցելով, հատիկ առ հատիկ երևան են գալիս ազնվության, բարության ու վեհանձնության, հավասարապես նաև` բարձրագույն մտքի և հանճարեղության դրսևորումները: Որպես յուրատեսակ փայլփլուն կետեր` նրանք ճաճանչում են վիթխարի, համատարած խավարի միջից:



Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ