Էրիխ Մարիա Ռեմարկ և Մառլեն Դիտրիխ. սիրո պատմություն



«Կանանց պետք է կա՛մ աստվածացնել, կա՛մ լքել։ Մնացյալը կեղծիք է»։ Էրիխ Մարիա Ռեմարկ

Էրիխ Մարիա Ռեմարկի և Մառլեն Դիտրիխի ճակատագրական ծանոթությունը տեղի է ունեցել 1937թ֊ին՝ սկիզբ դառնալով մի քանի տարի տևած բուռն սիրավեպի համար։ Այդ սիրավեպը Ռեմարկի համար ոչ թե երջանկաբեր, այլ ցավագին ընթացք ունեցավ, սակայն եթե չլինեին նրա ապրած ցավն ու հիասթափությունը, չէր ծնվի նաև «Հաղթական կամարը» հանրահայտ վեպը, որի գլխավոր հերոսուհի Ժոան Մադուի կերպարը ստեղծվել էր Դիտրիխի կերպարի հիման վրա։


Պահպանվել են Ռեմարկի՝ կինոդերասանուհուն ուղղված բազմաթիվ հուզիչ նամակները, իսկ Դիտրիխի գրավոր պատասխանները գրեթե չեն պահպանվել։ Թեպետ նրանց սիրավեպը 1940թ֊ին արդեն ավարտված էր, սակայն Դիտրիխը նույնիսկ հեռվից կարողանում էր ազդել Ռեմարկի վրա և իր խանդի տեսարաններով կառավարել նրան։ Իհարկե, Դիտրիխին հետաքրքրում էր ոչ թե Ռեմարկը, այլ իր կանացի իշխանությունը։ Թերևս, հենց այդ պատճառով էլ Ռեմարկի ու Գրետա Գարբոյի նոր ձևավորված ներդաշնակ հարաբերությունները չվերաճեցին լուրջ զգացմունքի։ Հոգեկան ծանր ճգնաժամից Ռեմարկին կարողացավ ազատել միայն Փոլեթ Գոդարը՝ Չառլի Չապլինի նախկին կինը, ով հետագայում ամուսնացավ նրա հետ։


Ինչ վերաբերում է Դիտրիխին, ապա, ժամանակակիցների վկայությամբ, «նա իրեն զարդարում էր Ռեմարկով»։ Դիտրիխը որպես սեփական դատողություններ էր մատուցում Ռեմարկի քաղաքական կանխատեսումները, պահանջում էր, որպեսզի Ռեմարկն ունենա նորաոճ տեսք և ամենուր ուղեկցի իրեն, լուսանկարվի մամուլի համար և իր հետ միասին փայլի բարձրաշխարհիկ միջոցառումներում։ Կինոդերասանուհու և իր դարաշրջանի սեքս֊խորհրդանիշի համար դա սովորական մտածելակերպ ու ապրելակերպ էր, սակայն սեփական ներաշխարհում փակված մտավորականի ու գրողի համար դա կեղծիք էր, աստղային ցուցամոլություն ու իսկական տանջանք։


Ռեմարկը համարում էր, որ ինքն իրավունք չունի ապրելու բարեկեցիկ բուրժուայի կյանքով, առավել ևս՝ ի ցույց դնելու այդ բարեկեցությունը, քանի որ պատերազմական ու հետպատերազմական շրջանում գրողների մեծ մասը դժվարությամբ էր գոյատևում։ Հայտնի է, որ Ռեմարկը կանոնավորապես ֆինանսական օգնություն էր տրամադրում մի շարք գրողների, ովքեր ապրում էին սոցիալական ծանր պայմաններում։ Դիտրիխի մասին Ռեմարկը գրել է․ «Գրավիչ ու կորսված գեղեցկուհի՝ բարձր հոնքերով ու բաց դեմքով, որի գաղտնիքը հենց այդ բացությունն է։ Դեմք, որը ոչինչ չի թաքցնում և այդ պատճառով էլ ոչինչ չի մատնում։ Չի խոստանում ոչինչ և դրանով իսկ խոստանում է ամեն ինչ»։


Ներկայացնում ենք Ռեմարկի՝ 1937թ֊ին Դիտրիխին հասցեագրված նամակներից մեկը։



Կարմրախայտային բանաստեղծություններ


«Մեծ սենյակը լի է մեղմ֊մեղմ երաժշտությամբ՝ դաշնամուր և հարվածայիններ․ Չառլի Կունցն է, ում 2 տասնյակ ձայնասկավառակները շարված են իմ նվագարկիչի վրա։ Սա այն երաժշտությունն է, որը սիրում եմ, որովհետև թռչում եմ, տրվում եմ երազանքներին ու ցանկություններին․․․


Իրականում մենք երբեք էլ իսկապես երջանիկ չենք եղել․ հաճախ եղել ենք գրեթե երջանիկ, բայց այնպես, ինչպես հիմա, երբեք չենք եղել։ Համաձայնիր, որ այդպես է։ Երբեմն դա պատահել է մեզ հետ, երբեմն՝ ուրիշների հետ, երբեմն էլ առաջինն ու երկրորդը միախառնվել են, բայց ինքը՝ երջանկությունը երբեք ամբողջական չի եղել։ Այնպիսի երջանկություն, որ ավելին չցանկանաս պատկերացնել․ ամեն ինչ ասես հանգած էր, ինչպես և հիմա։ Մի պահ մտածիր․ միայն միասին լինելու դեպքում ենք մենք այն գտնում։ 


Իմ կրակո՛տ, այս գիշեր ես քարե մառանից դուրս բերեցի 1911թ֊ի հնեցման «Շթայնբերգեր կաբինետ»֊ի լավագույն շիշը՝ պրուսական արքունական կալվածքներում ձմեռնամուտի ընտրովի խաղողից պատրաստված էլիտար գինին։ Շշի և շների հետ ես իջա խռովված ու փրփրամած լճի մոտ․ շների, լճի, քամու և Օրիոնի առաջ ես արտասանեցի մի ճառ, որը բաղկացած էր ընդամենը մի քանի բառից, և հենց այդ պահին շները հաչացին։ Շները հաչում էին, իսկ լիճը գլորում էր սպիտակ ալիքները։ Քամի բարձրացավ, և մենք սեփական մաշկի վրա զգացինք լճի ուժեղ պոռթկումները․ Օրիոնն առկայծեց, ինչպես կույս Մարիամի մետաղազարդը, և շիշը, աղեղ գծելով, գիշերվա միջով թռիչք կատարեց դեպի ջուրը, ինչպես աստվածներին տրված մի ընծա՝ ի երախտագիտություն, որ մի քանի տարի առաջ այս օրը նրանք քեզ նվիրել են ինձ։


Թերևս, այդ շիշը այնտեղ, ներքևում, բաժին հասնի լոքոներին, որոնք այն կգլորեն իրենց փափուկ շուրթերով, գուցեև, շիշը հայտնվի հսկայական, ծեր, մամռապատ գայլաձկան ապաստանի մոտ կամ ալ բծերով պատված կարմրախայտի բնի մոտ․ այդ կարմրախայտն իսկական այլասերված է, որովհետև ցանկանում է երազել, հորինել կարմրախայտային բանաստեղծություններ և նկարահանել կարմրախայտային սրընթաց կինոֆիլմեր։


Իսկ գուցեև, շատ ու շատ տարիներ անց, երբ մեր բերանները լցված կլինեն սև հողով, շիշը կընկնի ձկնորսի ցանցը, և նա զարմանքով կհանի այն, կնայի հին կնիքին ու կպահի իր անջրանցիկ հագուստի կողագրպանում։ Երեկոյան, երբ տնային ապուրն արդեն համտեսված է, և քարե սեղանի վրա, նոճիների մոտ, կհայտնվեն այծի պանիրն ու հացը, նա անշտապ կկանգնի, կգնա իր գործիքը բերելու և կպոկի կնիքը շշի վրայից՝ այն սեղմելով ոտքերի արանքում։ Եվ հանկարծ կզգա բույրը․ ոսկեգույն գինին կսկսի ճառագայթել ու անուշաբուրել՝ տարածելով աշնան, հռենոսյան հարթավայրերի ճոխ աշնան, ընկույզի ու արևի, կյանքի, մե՛ր կյանքի բուրմունքը, սիրելի՛ս, որովհետև իրիկնամուտի այդ ժամին մեր վաղուց ապրված կյանքն՝ իր շնչով, իր արձագանքով, վերստին երևալու է աշխարհում, իսկ մեզ անծանոթ ձկնորսը ոչինչ չի իմանա այն մասին, թե ինչն է այդպիսի քնքշանքով դիպել իրեն։ Նա միայն խոր շունչ կքաշի և կլռի և կխմի․․․


Իսկ ուշ երեկոյան, երբ մթնի, իսկ ձկնորսը վաղուց քնած լինի, գիշերվա խորքից, ինչպես երկու սև նետ, դուրս կթռչեն երկու թիթեռներ, սիրամարգի երկու մշուշոտ գիշերային աչք․ ասում են, թե դրանց մեջ ապրում են վաղուց մեռած մարդկանց հոգիները, որ ինչ֊որ ժամանակ զգացել են երջանկությունը։ Թիթեռները կթռչեն չափազանց մոտիկ և ամբողջ գիշեր չեն պոկվի բաժակի եզրից, բաժակ, որի հատակին դեռևս տարածված է գինու բույրը․ ողջ գիշեր նրանց մարմինները կդողան, և միայն առավոտյան նրանք կբարձրանան ու կթռչեն հեռու։ Իսկ ձկնորսը, դռան մոտ ուռկանը ձեռքին կանգնած, զարմանքով կնայի նրանց ետևից․ նախկինում նա երբեք բախտ չի ունեցել այդ վայրերում տեսնելու այսպիսի թիթեռներ․․․»։   


Պորտո Ռոնկո, Շվեյցարիա

24 նոյեմբերի, 1937


Աղբյուրը` kinoversus.com 

Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ