Կոմիտասի նամակները Թումանյանին



1908 թ. 24 մայիսի, Ս. Էջմիածին


Սիրելի՛ Հովհաննես,


Ափսոս, որ Տփխիս եղած ժամանակս քեզ տեսնել չկարողացա. պետք է մի լավ ծեծեի: Ա՜յ ախպեր, քեզ սպասելով աչքս ջուր դառավ, չէ՞ որ դու ասել էիր, թե Զատկի տոներից հետո կգաս մի քանի օրով: Էսա Համբարձումն էլ անցավ, դեռ դու չերեւացիր եւ ես ստիպված, հույսս էլ կտրած, առա գրիչս, որ քեզ լավ հայհոյեմ, բայց ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար:


Ախպեր, վաղուց է սկսել եմ եւ բավական բան գրել քո «Անուշից», բայց դեռ պակասավոր բաներ շատ կան, որպեսզի մի ամբողջություն դառնա: Այս գիրս առնելուն պես գրիչդ կառնես եւ ինձ մի դրական բան կգրես: Այս ամառվան արձակուրդին պետք է զբաղվեմ առավելապես «Անուշով»: Գրի՛ր, թե ե՞րբ կարող ես մի քանի օրով ինձ մոտ հյուր գալ եւ այստեղ միասին վերջացնենք եւ ես հանգիստ շարունակեմ. ամեն անգամ երբ տրամադրությունս տեղն է, ձեռքերս թուլանում են, որովհետեւ երգի հարմարեցրած չեն դեռ բաներ եւ պակասներ էլ կան:


Սպասում եմ պատասխանիդ:


Կգաս եւ առանց այլևայլության կիջնես ինձ մոտ եւ միասին կաշխատենք: Գալուդ օրը եւ ժամը հեռագրով իմացուր, որ կառք ուղարկեմ քեզ համար կայարան:


Շատ բարեւներ Տիկնոջդ, օրհնություն սիրասուն զավակներիդ եւ քեզ մի լավ համբույր:


Քո Կոմիտաս



1908 թ. 8 հունիսի, Ս․ Էջմիածին


Սիրելի՛ Հովհաննես,


Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանից վախենա, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբերն իր ճտերով չէր կարող մուտք գործել:


Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի – դաշնամուրի հոգ մի անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևեթ բառերը՝ բանաստեղծութունը լրացնել դերակատարներով և երգերով, մի խոսքով՝ կազմել լիբրետտոն: Իսկ մուս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենյակում հարկավոր հարմարութուններն էլ կան ինձ համար:


Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնենք, շատ դժվար է երաժշտության մասին գրով խոսել-բացատրվելը:


Առայժմ ես էլ եմ զբաղված. մինչև ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար, հետո մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցկացնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք:


Իշխանուհի Թումանյանին հատկապես բարևներս հիշիր:


Քեզ, տիկնոջը, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջույններս:


Համբուրներով՝ քո Կոմիտաս



Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ