Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից


Հատված Ժան-Ֆիլիպ դը Տոնակի վարած զրույցներից, որ տեղ են գտել «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» գրքում։


Ժան-Կլոդ Կարիեր - Գրերի բազում կրիչներ կան՝ հուշակոթողներ, գրասալեր, գործվածքներ: Ինչի վրա ասես, որ չեն գրել: Բայց կրիչներից առավել մեզ հետաքրքրում է այն ուղերձը, որն այդ պատառիկների միջոցով մեզ է հասել՝ հազիվ ըմբռնելի անցյալից մազապուրծ: Ուզում եմ հենց այս առավոտ ինձ ուղարկված մի նկար ցույց տալ, որ գտա աճուրդի հանված իրերի ցանկում: Խոսքը Բուդդայի ոտնահետքի մասին է: Պատկերացնենք, թե ինչն ինչոց է: Երևակայենք, թե Բուդդան քայլում է, ընթանում՝ լեգենդով պարուրված: Նրան հատուկ ֆիզիկական նշաններից մեկը կրունկների տակ՝ ներբաններին դրոշմված գրություններն են: Ինչ ասել կուզի, նշանակալի խոսքեր: Այսպիսով, նա քայլելիս այդ հետքերը թողնում է գետնին, կարծես ամեն քայլից փորագրանկար մնա: Ումբերտո Էկո - Հոլիվուդ բուլվարում՝ Չինական կինոթատրոնի առաջ թողած հետքերի պես մի բան, միայն թե գրերի գյուտից առաջ: Ժ.-Կ. Կ. - Ինչպես կուզեք: Նա քայլելով է ուսուցանում: Բավական է հետքերը կարդաս...

Ժ.-Կ. Կ. - Տեխնիկայի նոր միջոցներն ամեն անգամ գալիս են փաստելու, թե զանց կառնեն այն օրենքներն ու կանոնները, որոնցով պայմանավորված էր ամեն մի նախկին հայտնագործություն: Դրանցից յուրաքանչյուրը ծնվում է միակն ու բացառիկը դառնալու հավակնությամբ: Նոր գյուտն ինքնաբերաբար բնական ընկալունակությամբ է օժտում իր նոր օգտատերերին՝ լիովին ազատելով սովորելու անհրաժեշտությունից: Ասես ինքնովին նոր ձիրք է շնորհում: Ասես պատրաստվում է սրբել-տանել իրենից առաջ եղածը և միանգամից տգետ ու հետամնաց դարձնում բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն երես թեքել իրենից:

Ու. Է. - Թռչելու երազանքն է անհիշելի ժամանակներից խռովում հավաքական երևակայությունը:

Ժ.-Կ. Կ. - Իմ կարծիքով մեր ժամանակների բազում հայտնագործություններ իրականում շատ վաղեմի երազների նյութական արտացոլումն են: Մի օրինակ բերեմ. վերջերս նորից խորամուխ եղա «Էնեական»-ի նշանավոր վեցերորդ գրքի մեջ, որտեղ Էնեասը դժոխք է իջնում՝ հանդիպելու այն ստվերիներին, որոնք հռոմեացիների պատկերացումներում մեռյալների, բայց և բոլոր այն մարդկանց հոգիներն էին, ովքեր մի օր կյանքի էին կոչվելու: Այստեղ ժամանակ չկա: Վերգիլիուսի ստվերների թագավորությունն էյնշտեյնական տարածություն-ժամանակ ասվածի կանխազգացումն է: Այս ճամփորդությունից մի քանի էջ վերընթերցելով՝ մտածեցի, որ Վերգիլիուսն արդեն այն ժամանակ վիրտուալ աշխարհ է իջել՝ մի հսկայական համակարգչի ընդերքը, ուր լուռ փոխակերպությունների փութկոտ ընթացքն է ծայր առնում...

Ու. Է. - Առաջ ձեր կյանքի մի քանի ամիսը վատնում էիք, որ հեծանիվ քշել սովորեք, բայց մի անգամ այդ հմտությունը յուրացնելով՝ մշտապես օգտվում էիք դրանից: Իսկ հիմա երկու շաբաթ նվիրում եք համակարգչային նոր ծրագրից մի կերպ գլուխ հանելուն և երբ փոքրիշատե տիրապետում եք դրան, արդեն ավելի նորն են առաջարկում, փաթաթում ձեր վզին: Բանը կորստյան մատնվող հավաքական հիշողությունը չէ: Ըստ իս՝ խնդրո առարկան ավելի շուտ ներկայի անկայունությունն է:

Ժ.-Կ. Կ. - Մեր պապերի կյանքի տևողությունը թերևս ավելի կարճ է եղել, քան մերը, բայց նրանք ապրում էին անփոփոխ ներկայում:

Ու. Է. - ...Մշակույթն ընդմիշտ կորած գրքերի ու այլ առարկաների գերեզմանոց է:

Ու. Է. - ...Կալպուրնիայի՝ Կեսարի վերջին կնոջ մասին մեզ ամեն ինչ հայտնի է մինչև մարտյան իդուսը՝ սպանության օրը, մինչ այն պահը, երբ վատ երազի ազդեցության տակ նա ամուսնուն խորհուրդ է տալիս սենատ չգնալ: Կեսարի մահից հետո էլ ոչինչ մեզ չի հասել այդ կնոջ վերաբերյալ: Կալպուրնիան ջնջվել է մեր հիշողությունից: Ինչո՞ւ: Որովհետև նրա մասին տեղեկությունների կարիք այլևս չկա: Եվ պատճառն այն չէ, որ նա կին էր, ինչպես կարող էր թվալ: Կլարա Շումանը նույնպես կին էր, բայց բոլորս էլ գիտենք այն ամենը, ինչ նա արել է Ռոբերտի մահից հետո: Ժամանակակից մշակույթը համացանցի միջոցով մոլորակի բոլոր կալպուրնիաների մասին մանրամասներ է տեղում ամեն օր, ամեն պահ և այնպիսի ձևերով, որ տնային աշխատանքի համար որոնումներ անող պատանուն կարող է թվալ, թե Կալպուրնիան Կեսարի պես կարևոր մեկն է:

Ժ.-Կ. Կ. - ...Երբ մեր կողքին էլեկտրոնային սպասավորներ հայտնվեն ու պատասխան տան բոլոր հարցերին, այդ թվում և այնպիսի, որոնց չենք կարողանա անգամ ձևակերպել, իմանալու ի՞նչ կմնա, էլ ի՞նչ պիտի սովորենք:

Ու. Է. - Համադրության արվեստը:

Ժ.-Կ. Կ. - Այո: Եվ սովորելու ընթացքն ինքնին: Որովհետև սովորել նույնպես պիտի սովորել:

Ու. Է. - ...Ուսուցիչներին խորհուրդ եմ տալիս, որ աշխակերտներին տնային աշխատանքներ տալիս հետևյալ որոնումները հանձնարարեն. առաջարկված թեմայի վերաբերյալ տեղեկատվական տասը տարբեր աղբյուր գտնել և դրանք համեմատել: Սա զարգացնում է նրանց քննադատական վերաբերմունքը համացանցի նկատմամբ, սովորեցնում ամեն ինչ հալած յուղի տեղ չընդունել:

Ժ.-Կ. Կ. - ...եթե այլևս մտապահման ճիգ գործադրելու կարիք չունենք, մտածելու ընդունակությունն է մեզ միայն մնում:

Ու. Է. - Իհարկե, հիմա, երբ մեքենաներն ումից ասես լավ կհաշվեն, բազմապատկման աղյուսակը սերտելն առանձնապես իմաստ չունի: Բայց «մարզվելու» կարողության խնդիր էլ կա: Պարզ բան է, որ մեքենայով ավելի արագ կգնամ, քան ոտքով: Բայց միևնույն ժամանակ ամեն օր մի քիչ պետք է քայլես կամ վազես, որ բանջարաբույս չդառնաս: Հաստատ կհիշեք այն հրաշալի գիտաֆանտաստիկ պատմությունը, թե ինչպես մեզնից մեկ դար հետո մի հասարակության մեջ, որտեղ մեր փոխարեն համակարգիչներն են միայն մտածում, Պենտագոնը հայտնաբերում է բազմապատկման աղյուսակները դեռևս անգիր իմացող մեկի: Զինվորականները հանգում են այն մտքին, թե խոսքը յուրատեսակ հանճարի մասին է, որն առանձնակի արժեք կունենա պատերազմի ժամանակ՝ այն օրը, երբ աշխարհը լիովին կզրկվի էլեկտրականությունից: Մի երկրորդ փաստարկ էլ կա: Որոշ դեպքերում ինչ-ինչ բաներ անգիր իմանալը ավելի բարձր մտավոր կարողությամբ է օժտում; Համաձայն եմ, որ մշակույթ ասվածը Նապոլեոնի մահվան ճշգրիտ տարեթիվը հիշելով չի դրսևորվում: Բայց կասկածից վեր է, որ այն ամենը, ինչ ընդունակ եք ինքնուրույն իմանալ և անգամ Նապոլեոնի մահվան տարեթիվը, որ 1821թ. մայիսի 5-ն է, ձեզ որոշակի մտավոր անկախություն է տալիս:

Ժ.-Կ. Կ. - ...հիշեցնեմ այն տարբերությունը, որ ֆրանսերենը դնում է գիտելիքի և իմացության միջև: Գիտելիքը մեր ուսերին դրված բեռ է, այն էլ՝ ոչ մշտապես կիրառելի: Իմացությունը գիտելիքը կենսափորձի վերածող փոխակերպումն է:

Ու. Է. - ...Պետրարկան ամբողջ կյանքն իր մեծածավալ լատինագիր պոեմի՝ «Աֆրիկա»-ի վրա աշխատեց, որը, ինչպես ինքն էր համոզված, պիտի նոր «Էնեական» դառնար ու փառքի արժանացներ իրեն: Իսկ սոնետները, որ մեկընդմիշտ ճանաչում բերեցին նրան, Պետրարկան գրում էր այն ժամանակ, երբ ուրիշ՝ ավելի լավ զբաղմունք չուներ:

Ժ.-Կ. Կ. - Սևագրերի  հարցը հանկարծ ինձ հիշեցրեց Բորխեսի այցելությունը Փարիզ 1976, թե 1977 թվականին: Նոր էի Փարիզում տուն գնել, որտեղ վերանորոգում էր, շատ խառը վիճակ: Բորխեսի հետևից հյուրանոց գնացի: Միասին հետ ենք գալիս ինձ մոտ, բակի միջով տանն ենք մոտենում թևանցուկ, քանի որ տեսողությունը համարյա կորցրել է, աստիճաններն ենք բարձրանում, երբ առանց ասելիքիս անպատեհությունը գիտակցելու, հարկ եմ համարում ներողություն խնդրել այն քաոսի համար, որ նա, ըստ երևույթին, անկարող էր տեսնել: Բորխեսը պատասխանում է. «Հա, հասկանում եմ, սևագիր է»: Ամեն ինչ, նույնիսկ վերանորոգվող տունը նրա մտքում գրականությանն էր հանգում:

Ու. Է. - ...Իսկական գրահավաքին ավելի շատ հետաքրքրում է որոնումը, քան տիրանալը, ճիշտ ինչպես իսկական որսորդին՝ նախ որսը, հետո արդեն՝ անհրաժեշտության դեպքում, խոհարարական պատրաստություններն ու իր ավարը դարձած կենդանիների համտեսը:

Ու. Է. - ...Մի իտալացի իմաստախոս գրել է, թե հնարավոր չէ բուլղարացի մեծ բանաստեղծ լինել: Միտքն ինքնին  փոքր-ինչ ռասիստական է թվում: Երևի այս երկու բաներից մեկն էր ուզում ասել կամ երկուսը մեկտեղ (Բուլղարիայի փոխարեն նա կարող էր ցանկացած այլ փոքր երկիր մատնանշել). նախ՝ նույնիսկ եթե նման մեծ բանաստեղծ եղել է, նրա պոեզիայի լեզուն բավականաչափ հայտնի չէ, և մեր ուղիներն էլ, հետևապես, խաչվելու առիթ երբեք չեն ունենա: Ուրեմն եթե «մեծ» ասվածը նշանակում է «հայտնի», կարելի է լավ պոետ լինել, բայց ոչ հայտնի:

Ժ.-Կ. Կ. - ...Բայց կարող ենք նաև ասել, որ Կաֆկան էլ Սերվանտեսի վրա է ազդեցություն ունեցել: Եթե Կաֆկա եմ կարդում Սերվանտեսից առաջ, անկախ ինձնից՝ Կաֆկան կփոխի «Դոն Կիխոտ»-ի իմ ընթերցումը:

Ժ.-Կ. Կ. - ...Բոլոր գրադարանների ճակատագիրը թերևս մի օր այրվելն է:

Ժ.-Կ. Կ. - ...Բուդդայի ուսմունքից հաջորդած հարյուր առաջին հարյուրամյակների ընթացքում նրան չէին պատկերում: Նա իր բացակայությամբ էր ներկայացվում: Ոտնահետքեր: Դատարկ բազկաթոռ: Ծառ, որի շուքի տակ խոկման էր տրվում: Թամբած ձի առանց ձիավորի...

Ժ.-Կ. Կ. - ...Թրակիացիները, սակայն, ինչպես և գաղղիացիները, գրավոր խոսք չեն թողել: Իսկ գիր չունեցող ժողովուրդները, որոնք սեփական անունը չեն տվել, չեն պատմել իրենց մասին (թեկուզև կեղծել), գոյություն չունեն, եթե անգամ նրանց արծաթեղենն ու ոսկեղենն ընտիր են ու նրբակերտ: Եթե ուզում եք, որ ձեզ հիշեն, ուրեմն պիտի գրեք:

Ու. Է. - ...Մաոյի հանճարեղ գաղափարը «Կարմիր գրքույկը» դրոշակ դարձնելն էր, որ բավական էր միայն թափահարել: Կարդալը պարտադիր չէր: Ավելին, քաջ տեղյակ լինելով, որ սրբազան տեքստերը ծայրեծայր չեն կարդում, նա առանձին հատվածներ, աֆորիզմներ էր հրամցրել, որոնք կարելի էր անգիր անել ու արտասանել մանտրաների կամ աղոթքների պես:

Ու. Է. - ...Երբ երեխա էի, մեր հարևանուհիներից մեկը ամեն տարի Ծննդյան տոնին ինձ գիրք էր նվիրում: Մի օր հարցրեց. «Ասա, Ումբերտինո, դու կարդում ես, որ գրքի միջինն իմանա՞ս, թե՞ հենց կարդալն ես սիրում»: Ստիպված էի ընդունել. կարդացածս միշտ չէ, որ գրավում էր ինձ: Այ քեզ բան, կարդում էի ընթերցանության հաճույքի համար: Դա մանկությանս ամենամեծ բացահայտումներից էր:

Ժ.-Կ. Կ. - ...Ինչո՞ւ ենք որոշում այս կամ այն գիրքը դնել մեկ այլ գրքի կողքին: Ինչո՞ւ ենք դրանց որոշակի դասավորություն նախընտրում և ոչ թե ուրիշը: Ինչո՞ւ եմ հանկարծ փոխում գրադարանից գրքերի տեղերը: Մի՞թե պարզապես որոշ գրքեր մյուսներին մոտեցնելու համար՞ Նոր շփումներ ստեղծելու, հարևանությունը թարմացնելո՞ւ մտադրությամբ: Ես համարում եմ, որ փոխադարձ կապ կա գրքերի միջև, կուզենայի, որ այդպես լիներ, և նպաստում եմ դրան: Ներքևում եղածները վերև եմ հանում գրքերի արժանապատվությունը մասամբ վերադարձնելու, դրանք աչքերիս մակարդակի վրա դնելու համար. այդ կերպ ուզում եմ հասկացնել նրանց, որ դիտավորյալ՝ իրենց ստորադաս ու հետևապես արհամարհված կարծելով չեմ ամենաներքևում տեղավորել:

Ժ.-Կ. Կ. - ...Մի անգամ ինձ կողոպտել են: Գողերը հեռուստացույցն էին վերցրել, ռադիոընդունիչը ու չգիտեմ էլ ինչ, բայց ոչ մի գրքի ձեռք չէին տվել: Տասը հազար եվրո արժողությամբ բաներ էին գողացել, մինչդեռ ընդամենը մի գիրք վերցնելով՝ նրանք կհեռանային դրա հնգապատիկ կամ տասնապատիկ գումարով: Այնպես որ մենք պաշտպանված ենք տգիտությամբ:


Աղբյուր





Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ