Չարլզ Բուկովսկի. Միայնակ բոլորի հետ

Пост обновлен 23 февр. 2019 г.



Ամբոխի հանճարը


այնքան դավաճանություն, ատելություն, բռնություն

անհեթեթություն կա


ամենասովորական մարդ արարածի մեջ,

որ բավական է մատակարարելու

աշխարհի ցանկացած բանակ ցանկացած օր


և լավագույնը սպանության մեջ նրանք են,

ովքեր քարոզում են՝ մի սպանիր

և լավագույնն ատելության մեջ նրանք են,

ովքեր քարոզում են սեր

և լավագույնը պատերազմի մեջ նրանք են,

ովքեր քարոզում են խաղաղություն


ովքեր աստված են քարոզում, իրենք աստծո կարիք ունեն

ովքեր խաղաղություն են քարոզում, չունեն խաղաղություն

ովքեր խաղաղություն են քարոզում, չունեն սեր


զգուշացեք քարոզիչներից

զգուշացեք գիտուններից

զգուշացեք նրանցից,

ովքեր միշտ գիրք են կարդում

զգուշացեք նրանցից,

ովքեր նողկում են աղքատությունից

և կամ պարծենում դրանով

զգուշացեք նրանցից,

ովքեր հեշտ են գովում

նրանք սպասում են պատասխան գովեստի

զգուշացեք նրանցից,

ովքեր հեշտ են քննադատում

նրանք վախենում են իրենց չիմացածից

զգուշացեք նրանցից,

ովքեր անվերջ ամբոխներ են որոնում

միայնակ նրանք ոչինչ են


զգուշացեք միջակ տղամարդուց, հասարակ կնոջից

զգուշացեք նրանց սիրուց

նրանց սերը միջակ է և միջակություն է փնտրում


սակայն հանճար կա նրանց ատելության մեջ

բավական հանճար` սպանելու համար քեզ

սպանելու ցանկացած մեկին

չունենալով միայնություն

չհասկանալով ինչ է դա`

նրանք կձգտեն կործանել ամենն,

ինչ տարբեր է իրենցից

չկարողանալով ստեղծել արվեստ

նրանք չեն հասկանա` ինչ է դա

իրենց անհաջողությունը նրանք կընդունեն

արարիչների պես

ասես դա բոլորի անհաջողությունն է


չկարողանալով սիրել լիարժեք

նրանք քո սերը կհամարեն թերի

իսկ հետո նրանք կատեն քեզ

ու նրանց ատելությունը կլինի կատարյալ


փայլուն ադամանդի պես

դանակի պես

լեռան

վագրի

թունավոր ծաղկի նման


ամենանրբին արվեստը նրանց



Միայնակ բոլորի հետ


մարմինը ծածկում է ոսկորը

և այնտեղ

դնում են ուղեղ

իսկ երբեմն էլ հոգի

և կանայք ծաղկամանները

պատերով են տալիս

և տղամարդիկ խմում են

չափից դուրս շատ

և երբեք ոչ ոք չի գտնում

այն միակին

բայց շարունակում են փնտրել

սողալով

անկողնուց անկողին

մարմինը ծածկում է ոսկորը

և մարմինը փնտրում է

ավելին

քան մարմին


ոչ մի

հնարավորություն չկա

մենք բոլորս գերի ենք

տարօրինակ մի

ճակատագրի


երբեք ոչ ոք չի գտնում

այն միակին


քաղաքի աղբանոցները լցվում են

գժանոցները լցվում են

հիվանդանոցները լցվում են

գերեզմանոցները լցվում են


էլ ուրիշ ոչ մի բան

չի լցվում



Անմշակ սիրով


փոքրիկ սև աղջիկ

բարի աչքերով

երբ պահը գա դանակն օգտագործելու

ես չեմ վարանի ու

չեմ մեղադրի քեզ

մինչ ես միայնակ մեքենա եմ քշում ծովափով

մինչ արմավենիները ճոճվում են

տգեղ ծանր արմավենիները

մինչ ապրողը չի ժամանում

մինչ մեռածը չի հեռանում

ես չեմ մեղադրի քեզ

փոխարենը

ես կհիշեմ համբույրները

մեր շուրթերը անմշակ սիրով

ու թե ինչպես դու տվեցիր ինձ

ամենն ինչ ունեիր

ու թե ինչպես ես առաջարկեցի ամենն

ինչ մնացել էր ինձանից

և ես կհիշեմ քո փոքր սենյակը

շունչը քո

լույսը քո պատուհանի մեջ

քո ձայնապնակները

քո գրքերը

մեր առավոտյան սուրճը

մեր կեսգիշերները

մեր գիշերները

մեր մարմինները կապված միասին

քնելիս

փոքրիկ աննշան ներկաները

հանկարծակի և ընդմիշտ

քո ոտքը իմ ոտքը

քո ձեռքը իմ ձեռքը

քո ժպիտը և ջերմությունը

քո

որ ստիպեցիր ինձ ծիծաղել

կրկին

փոքրիկ սև աղջիկ

բարի աչքերով

դու չունես դանակ

դանակը իմն է

և ես այն չեմ օգտագործի

դեռ


Չարլզ Բուկովսկի

Կապույտ թռչուն


Կապույտ թռչուն կա սրտումս,

որն ուզում է դուրս պրծնել,

բայց ես շատ խիստ եմ նրա հետ,

այդտեղ մնա, ասում եմ,

չեմ թողնի ինչ-որ մեկը տեսնի քեզ:

Կապույտ թռչուն կա սրտումս,

որն ուզում է դուրս պրծնել,

բայց ես նրա խեղդում եմ վիսկիի մեջ,

և թունավորում ծխախոտով

որպեսզի ոչ պոռնիկները,

ոչ բարմենները

ոչ էլ վաճառակաները

երբեք չիմանան,

որ նա իմ ներսում է:


Կապույտ թռչուն կա սրտումս,

որն ուզում է դուրս պրծնել,

բայց ես շատ խիստ եմ նրա հետ,

սսկվիր, ասում եմ,

դու ինչ է ուզում ես ինձ խայտառակ անել,

ուզում ես փչացնել գործերս,

ուզում ես գրողի ծոցը գնա

գրքերիս վաճառքը Եվրոպայում:


Կապույտ թռչուն կա սրտումս,

որն ուզում է դուրս պրծնել,

բայց ես անչափ խելացի եմ,

թույլ եմ տալիս, որ նա դուրս թռչի

երբեմն միայն, գիշերով,

երբ բոլորը քնած են

ասում եմ`

գիտեմ, այդտեղ ես,

այնպես որ

չտխրես,

ու հետո նորից պահում եմ նրան,

բայց նա մեկ է կամացուկ երգում է

այնտեղ, ներսում,

հո չեմ կարող թողնել,

որ նա լրիվ մեռնի,

ու այդպես մենք քնում ենք միասին`

թաքուն պայմանավորված,

ու սա բավականին սիրուն է`

տղամարդուն լացացնելու չափ,

բայց ես հո չեմ լացում,

իսկ դո ՞ւք



Բանաստեղծություն կնամոլների համար, բանաստեղծություն տիեզերքի բոլոր թեթևաբարոների համար


ինձ դուր են գալիս կանայք, ովքեր չեն ապրել չափազանց շատ տղամարդկանց հետ

ես կուսություն չեմ ակնկալում, պարզապես նախընտրում եմ կանանց

ովքեր էությամբ չեն մաշվել փորձառությունից


հատուկ մի որակ ունեն կանայք, ովքեր տղամարդկանց

ընտրում են հատ-հատ

դա երևում է նրանց քայլվածքից

նրանց աչքերից

նրանց ծիծաղի մեջ ու նրանց

բարի սրտերի


կանայք, ովքեր ունեցել են չափազանց շատ տղամարդ

թվում է հաջորդին ընտրում են

ավելի շատ վրեժից, քան

սիրով


երբ դու խաղը եսասիրաբար ես տանում,

ամեն ինչ քո դեմ է դուրս գալիս

դու չես կարող պնդել սերը

կամ կապվածություն պահանջել

ի վերջո դու մնում ես այն ամենի հետ,

ինչ ինքդ էիր պատրաստ տալու

ու հաճախ դա

ոչինչն է


որոշ կանայք նրբազգաց մի երևույթ են

որոշ կանայք քաղցր են ու

հրաշքներով լի


եթե ուզում ես թքել արևի վրա

աստված քեզ հետ

բայց խնդրում եմ նրանց թող

հանգիստ



Վանդակավոր զգեստներ հագած անմեղ ու հեզ աղջիկներ


էս կյանքում ում տեսա պոռնիկներ էին

մարմնավաճառներ նախկին, խելառ կանայք

ես տեսնում են տղամարդկանց

հեզ ու նուրբ կանանց հետ

ես տեսնում եմ նրանց սուպերմարկետներում

միասին փողոցով իջնելիս

ես տեսնում եմ նրանց իրենց բնակարաններում,

մարդիկ, որ խաղաղ ապրում են միասին

ես գիտեմ

նրանց ունեցած խաղաղությունը կիսատ մի բան ա

բայց հո կա

և պատահում են ժամեր ու օրեր խաղաղության


էս կյանքում ում տեսա թմրամոլ էին, հարբեցող

պոռնիկներ, մարմնավաճառներ նախկին, խելառ կանայք


երբ մեկը գնում է

գալիս է մյուսը`

նախորդից ավելի վատը


էնքան շատ տղամարդկանց եմ տեսնում

հեզ ու անմեղ աղջիկների հետ

վանդակավոր լայնեզր զգեստներ հագած

աղջիկներ, որոնք չեն հարձակվում գիշատչի հայացքով


«էլ ստեղ քածերի չբերեք»

ասում եմ մի-երկու ընկերներիս

«կսիրահարվեմ նրանց»


«դու լավ կնոջ տանել չէիր կարողանում, Բուկովսկի»


ես լավ կնոջ կարիք ունեմ

ես լավ կնոջ կարիք ունեմ

այս գրամեքենայից ավելի

իմ մեքենայից ավելի

Մոցարտից ավելի

ես լավ կնոջ կարիք ունեմ այնքան շատ

որ կարող եմ զգալ նրա համը օդի մեջ

կարող եմ զգալ նրան մատներիս ծայրերին

կարող եմ տեսնել մայթերը

ուր նրա ոտքերը կսահեն

բարձը նրա գլխի տակ

կարող եմ զգալ իմ ծիծաղը սպասման մեջ

կարող եմ տեսնել նրան կատվին շոյելիս

կարող եմ տեսնել նրան քնելիս

հողաթափերը տան հատակին


ես գիտեմ ինքը կա

բայց ո ՞րտեղ էս երկրագնդի վրա

ուր բոլոր քածերը պոկ չեն գալիս ինձնից



թարգմ․` Մարիաննա Վարդանյան

կադրերը՝ «Սովորական խելագարության պատմություն» ֆիլմից

(1981թ, ռեժ.՝ Մարկո Ֆեռերի)

Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ