ԲՈԼՈՐԸ, ԱՆԽՏԻՐ, ԳԻՏԵՆ



հարցրու Փարիզի մայթերի նկարիչներին

հարցրու քնած շան վրայի արևաշողին

հարցրու 3 խոզուկներին

հարցրու լրագրավաճառ տղային

հարցրու Դոնիցետտիի երաժշտությանը

հարցրու վարսավիրին

հարցրու մարդասպանին

հարցրու պատին հենված մարդուն

հարցրու քարոզչին

հարցրու կահույքագործին

հարցրու գրպանահատին կամ գրավառուին կամ ապակին փոխող բանվորին

պարարտանյութ վաճառողին կամ

ատամնաբույժին

հարցրու հեղափոխականին

հարցրու առյուծի բերանը

իր գլուխը մտցնողին

հարցրու հաջորդ ատոմային ռումբը

արտադրողին

հարցրու իրեն Հիսուս համարողին

հարցրու գիշերը տուն եկող

կապտավզիկին

հարցրու մերկ կանանց գողունի նայողին

հարցրու քաղցկեղից մեռնողին

հարցրու բաղնիսի կարիք ունեցողին

հարցրու միոտանի մարդուն

հարցրու կույրին

հարցրու շվշվախոսին

հարցրու թմրագարին

հարցրու դողացող վիրաբույժին

հարցրու ոտքերիդ տակի տերևներին

հարցրու բռնաբարողին կամ

տրամվայի տոմսավաճառին կամ այգում

մոլախոտ պոկող ծերունուն

հարցրու արյունածուծին

հարցրու լու վարժեցնողին

հարցրու կրակ ուտողին

հարցրու իր ամենաթշվառ պահն ապրող

ամենաթշվառ

մարդուն

հարցրու ձյուդոյի մարզիչին

հարցրու փիղ քշողին

հարցրու բորոտին, ցմահ բանտարկյալին, թոքախտավորին

հարցրու պատմության դասախոսին

հարցրու եղունգները երբեք չմաքրողին

հարցրու ծաղրածվին կամ հարցրու առավոտ կանուխ

առաջին հանդիպած դեմքին

հարցրու քո հորը

հարցրու քո որդուն կամ նրա

ծնվելիք որդուն

հարցրու ինձ

հարցրու թղթե տոպրակի միջի վառած լամպին

հարցրու գայթակղվածին, անիծվածին, հիմարին ու

իմաստունին, դատարկախոսին

հարցրու տաճար կառուցողին

հարցրու նրան ով երբեք կոշիկ չի հագել

հարցրու Հիսուսին

հարցրու լուսնին

հարցրու պահարանի միջի ուրվականներին

հարցրու մլակին, վանականին, հոգեկանին

հարցրու «Նյու Յորք Թայմս»-ի ծաղրանկարչին

հարցրու ոսկեձկնիկին

հարցրու լուսնապարից ցնցվող ձարխոտին

հարցրու Հնդկաստանի քարտեզին

հարցրու բարի դեմքին

հարցրու քո մահճակալի տակ թաքնված տղամարդուն

հարցրու այս աշխարհի ամենամոլի

ատողին

հարցրու նրան ով խմել է Դիլըն Թոմասի հետ

հարցրու ով կապել է Ջեք Շարքիի ձեռնոցները

հարցրու սուրճ խմող տխրադեմ մարդուն

հարցրու ջրմուղագործին

հարցրու նրան ով ամեն գիշեր երազում

ջայլամ է տեսնում

հարցրու դիմակահանդեսի տոմս հավաքողին

հարցրու դրամանենգին

հարցրու ծառուղում թղթե սավանի տակ

քնողին

հարցրու ազգեր ու մոլորակներ նվաճողներին

հարցրու նրան ով հենց նոր կտրեց մատը

հարցրու աստվածաշնչի էջանշանին

հարցրու ծորակից կաթող ջրին մինչ

հեռախոսն է զանգում

հարցրու երդմնազանցությանը

հարցրու թույն կապույտ ներկին

հարցրու անկարգելավորին

հարցրու փորացավ ունեցողին

հարցրու աստվածային աչքին՝ այնքան փայլուն ու արտասվալից

հարցրու թանկարժեք ակադեմիայում

նեղ տաբատ հագած տղային

հարցրու ով սայթաքեց լոգարանում

հարցրու նրան ում ծամեց կերավ շնաձուկը

հարցրու նրան ով վրաս սաղացրեց ուրիշ չափսի

ձեռնոցները

հարցրու սրանց ու բոլոր նրանց ում բաց թողեցի

հարցրու կրակին կրակին կրակին —

հարցրու նույնիսկ փչաններին

հարցրու ցանկացածին ում գոհացնում ես ցանկացած

ժամանակ գոհացնում ես ցանկացած օր

երբ ցանկությունդ տեղն է

լինի անձրև թե լինի

ձյուն կամ սանդղամուտք դուրս գալիս լինես՝

տապից դեղնած

հարցրու սրան հարցրու նրան

հարցրու նրան ում գլխին ծիտիկը ծրտել է

հարցրու կենդանիներին տանջողներին

հարցրու նրան ով Իսպանիայում լիքը ցլամարտ է տեսել

հարցրու նոր կադիլակների սեփականատերերին

հարցրու հանրահայտ մարդկանց

հարցրու երկչոտներին

հարցրու լսնամորթին

ու պետական գործչին

հարցրու տանտերերին ու բիլիարդ խաղացողներին

հարցրու տականքներին

հարցրու վարձու մարդասպաննեին

հարցրու քաչալներին ու չաղերին

բարձրահասակներին ու

ցածրահասակներին

հարցրու միաչքանի մարդկանց

գերցանկասերներին ու թերցանկասերներին

հարցրու նրանց ովքեր կարդում են թերթերի

խմբագրականները

հարցրու վարդ աճեցնողներին

հարցրու նրանց ովքեր ցավ համարյա չեն զգում

հարցրու մեռնողներին

հարցրու խոտածածկը խուզողներին ու

ֆուտբոլի խաղեր հաճախողներին

հարցրու սրանցից մի քանիսին կամ յուրաքանչյուրին

հարցրու հարցրու հարցրու

և բոլորը քեզ կասեն․

բազրիքին կանգնած գռմռացող կինն ավելին է

քան տղամարդը կարող է տանել։


— ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ

թարգմ․՝ Սամվել Մկրտչյան

Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ