Բարբարոսներին սպասելիս



Կոնստանտինոս ԿԱՎԱՖԻՍ

Κωνσταντίνος Π. Καβάφης, 1863-1933

թարգմ.՝ Շուշան Կարապետյան


ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ


– Ո՞ւմ ենք սպասում մենք հրապարակում խմբված:

– Բարբարոսներին ենք սպասում, որ գալիս են այսօր:


– Ինչո՞ւ են պալատականները մատնված անգործության,

Նստել են պարապ ու չեն հնարում օրենք ու պատվիրան:


– Որովհետև բարբարոսներն են գալիս այսօր:

Էլ ի՛նչ օրենք, ի՛նչ պատվիրան.

Բարբարոսներն իրենցը կբերեն, երբ գան:


– Ինչո՞ւ է մեր կայսրն այսքան վաղ արթնացել

ու քաղաքի դարպասների մոտ իր գահին բազմել,

թագն էլ վեհորեն գլխին դրել:


– Որովհետև բարբարոսներն են գալիս այսօր:

Եվ կայսրը մեր սպասում է՝ առաջորդին նրանց մեծարի:

Ահա’, պատրաստել է նաև մի մագաղաթ նրա համար,

Այնտեղ գրել տիտղոսներ բազում ու մեծարանքներ` հավուր պատշաճի:


– Ինչո՞ւ են մեր պատվիրակն ու բանբերը դուրս եկել այսօր`

ալ կարմիր, ասեղնագործ զգեստներ հագած,

ինչո՞ւ են նրանց թևքերն այսօր ժանյակազարդ,

իսկ մատանիները՝ զմրուխտափայլ, տոնական:

Ինչո՞ւ են ձեռքերում պահել գավազաններ թանկարժեք՝

արծաթազօծ և ոսկեզօծ պատյաններով նրանք:


– Որովհետև բարբարոսներն են գալիս այսօր,

ու այդպիսի մանրուքներ հաճելի են նրանց:


– Ինչո՞ւ շքեղաբառ հռետորները չեն եկել այսօր,

որ բազմաբառությամբն իրենց խոսքն ասեն:


– Որովհետև բարբարոսերն են գալիս այսօր,

և ձանձրալի են նրանց ճարտասանություն ու ճառ:


– Ինչո՞ւ հանկարծ անհանգստություն ու շփոթմունք իջավ

դեմքերին մարդկանց, ինչո՞ւ բոլորը լրջացան,

Ինչո՞ւ փողոց ու հրապարակ դատարկվեցին արագ,

և բոլորը ներհուն ու գլխահակ իրենց տները դարձան:


– Որովհետև մթնեց արդեն, իսկ բարբարոսերն այդպես էլ չեկան:

Փոխարենը բանբերները սահմաններից ետ դարձան՝

բոթ բերելով, որ բարբարոսներ այս աշխարհում այլևս չկան:


…Եվ հիմա ի՞նչ կլինի մեզ հետ առանց բարբարոսների:

Ախր մարդիկ էին այդ լուծումը մեր խնդիրների:




2003 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Մաքսվել Կուտզեի «Բարբարոսներին սպասելիս» վեպի անվանումը վերցված է Կոնստանտինոս Կավաֆիսի համանուն պոեմից:


Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ