Անկանոն մտքեր #4. Արթուր Քլարկ


Բրիտանացի գիտնական, գյուտարար և գրող, «2001 թվականի տիեզերական ոդիսականը», «Լուսնափոշին» վեպերի հեղինակ Արթուր Քլարկի մտքերից:


Հնարավորի սահմանները գծելու միակ ճանապարհն այդ սահմաններից դուրս գալն է:


Իմ կյանքում ես երկու անգին ձեռքբերում եմ ունեցել` գիտելիքն ու սերը: Ուրիշ ոչինչ` ո՛չ փառքը, ո՛չ իշխանությունը, ո՛չ որևէ այլ նվաճում չի կարող ունենալ միևնույն արժեքը, քանզի, եթե կյանքիդ մայրամուտին կարողանաս ասել՝ «ես սովորել եմ» և «ես սիրել եմ», ուրեմն կարող ես ասել՝ «ես երջանիկ եմ եղել»:


Մարդկության մեծագույն ողբերգություններից մեկն այն է, որ բարոյականությունը յուրացվել է կրոնի կողմից: Եվ հիմա մարդիկ կարծում են, թե կրոնն ու բարոյականությունն անքակտելի են: Մինչդեռ բարոյականության հիմունքները չափազանց պարզ են և կրոնի կարիքն ընդհանրապես չունեն:


Երեխայի կրթությունը պետք է միտված լինի նրան առանց ուսուցչի ապրելուն նախապատրաստելը: Մենք մեր երեխաներին պետք է կրթենք իրենց ապագայի, ոչ թե մեր անցյալի համար:


Երկու տարբերակ կա՝ կամ մենք միայնակ ենք Տիեզերքում, կամ միայնակ չենք. երկուսն էլ հավասարապես սարսափեցնող են:


Գիտական ֆանտաստիկայի կարևորագույն առաքելություններից մեկը պետք է լինի մարդուն իր ապագայի հետ անցավ համակերպվելուն նախապատրաստելն ու մտքի ճկունությունը խրախուսելը:


Ես չեմ հավատում աստղագուշակությանը. ես Աղեղնավոր եմ, իսկ մենք թերահավատ ենք:


Ոչ մի պատճառ չկա ենթադրելու, թե Տիեզերքը նշույլ անգամ հետաքրքրված է բանականության, կամ նույնիսկ` կյանքի գոյությամբ: Այս երկուսն էլ կարող են լինել Տիեզերքի խառնիխուռն գործողությունների պատահական, կողմնակի հետևանքներ, ինչպես գեղեցիկ նախշերը` թիթեռի թևերին. վերջինս առանց դրանց էլ կարողանում է ճախրել:


Նոր գաղափարներն անցնում են երեք փուլով.

1) Սա չի կարող արվել:

2) Սա հավանաբար կարող է արվել, բայց չարժի ջանք ծախսել:

3) Ես միշտ էլ ասում էի, որ սա փայլուն գաղափար է:


Քանի դեռ չափից շատ չեք հափշտակվել հոյակապ գաջեթներով ու շլացնող դիսփլեյներով, թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ ինֆորմացիան դեռ գիտելիք չէ, գիտելիքն իմաստություն չէ, և իմաստությունը դեռ հեռատեսություն չէ: Մեկը հասունանում է մյուսից, և մենք յուրաքանչյուրի կարիքն էլ ունենք:


Հրաշքը դա ընդամենը գիտությունն է, որը հասկանալ մենք դեռ չենք կարողացել:


Այն ամենն, ինչ տեսականորեն հնարավոր է, հասանելի է լինելու նաև գործնականում` անկախ տեխնիկական բարդություններից, եթե իհարկե բավականաչափ մեծ լինի ցանկությունը:


կադրը` «2001 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմից (1968թ, սցենարի հեղինակներ` Արթուր Քլարկ և Սթենլի Կուբրիկ)

Դեռ պետք է ապացուցվի, որ բանականությունը մեծացնում է փրկվելու շանսերը։


Դժվար է պատկերացնել, թե ինչպես են ծայրահեղ ազգայնամոլության դրսևորումները գոյատևելու այն ժամանակաշրջանում, երբ մարդկությունը տեսել է Երկրագնդի իսկական պատկերը` որպես միայնակ փոքրիկ մի գունդ` աստղերի հետ դեմ հանդիման:


Գիտակցումը, որ այս փոքրիկ մոլորակն ընդամենը մեկն է գոյություն ունեցող բազում աշխարհերից, մարդկությանը հնարավորություն է տալիս ժամ առաջ ըմբռնել, որ մեր աշխարհը պատկանում է իր բոլոր արարածներին:


Ներում կարող են շնորհել մարդկային դատավորները, իսկ բնության օրենքների դեմ բողոքարկումն անօգուտ է:


Եթե մենք ինչ-որ բան ենք սովորել գյուտերի և հայտնագործությունների պատմությունից, դա այն է, որ մեր ամենախիզախ մարգարեությունները նույնիսկ հետագայում ծիծաղելիորեն պահպանողական են թվում:


Քանի դեռ մենք չենք ազատվել կրոնից, մենք չենք կարողանա հաջողության հասնել Աստծո որոնումներում:


Ես վստահ եմ, որ Տիեզերքը լի է բանական կյանքով։ Պարզապես այն բավականաչափ խելացի է՝ այստեղ չգալու համար։


CNN-ը պատերազամի գլխավոր մասնակիցներից մեկն է։ Ես կարող եմ նույնիսկ երևակայել, իբրև թե Թեդ Թըրները (CNN-ի հիմնադիրը) ընտրվում է նախագահ, բայց հրաժարվում է այդ պաշտոնից, քանզի չի ուզում կորցնել իր իշխանությունը։


Եթե կան աստվածներ, որոնց մտահոգության գլխավոր առարկան մարդն է, ուրեմն նրանք այնքան էլ էական աստվածներ չեն։


Քանի դեռ մեր տեսակը շարունակում է ինքնակատարելագործվել, այն չի կարող միաժամանակ ունենալ զարգացած գիտություն և հետամնաց բարոյականություն. այս համադրումը հեղհեղուկ է և կործանարար:


Հուսադրող սիմվոլիզմ կա նրանում, որ դրոշակները վակուումում չեն ծածանվում։


Միկրոպրոցեսորներն ամենուր են։ Մոտ ապագայում մենք չենք գտնի որևէ գործիք, բացի, երևի թե, ցախավելից, որն օժտված չլինի միկրոպրոցեսորով։


Երկրագունդը չափազանց փոքր և փխրուն զամբյուղ է՝ մարդկության բոլոր ձվերը դրա մեջ թաքցնելու համար։


Հարյուր տարի առաջ էլեկտրական հեռագիրը հնարավոր դարձրեց անխուսափելին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։ Հաղորդակցող արբանյակներն անխուսափելի կդարձնեն Երկրագնդի Միացյալ Ազգերի ստեղծումը: Հուսանք, որ անցումային շրջանը նույնքան արյունոտ չի լինի։


Մենք պետք է ավելի քիչ մտահոգվենք կյանքին տարիներ ավելացնելով, և ավելի շատ՝ տարիներին կյանք ավելացնելով։


Դինոզավրերն անհետացան, որովհետև չկարողացան հարմարվել միջավայրի փոփոխություններին։ Մենք նույնպես կանհետանանք, եթե չկարողանանք հարմարվել մերօրյա միջավայրին, որն իր մեջ պարունակում է տիեզերանավեր, համակարգիչներ և ջերմամիջուկային զենքեր։



Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ