Բանաստեղծություններ մեծահասակների համար


«Անգլիական և ամերիկյան բանաստեղծություն» գրքից (թարգմ.` Սամվել Մկրտչյան):


ANNUS MIRABILIS


Սեռական մերձեցումը ծնվեց

Հազար ինը հարյուր վաթսուներեքին

(Որն ինձ համար ուշ էր ահագին),

Երբ «Չեթըրլի»-ի արգելքը հանվեց,

Ու թողարկվեց Բիթլզի առաջին «էլ փի»-ն:


Մինչ այդ գոյություն ուներ մի աղոտ

Ու արտառոց սակարկություն,

Մատանու շուրջ` բանսարկություն,

Տասնվեցից սկսվող մի ամոթ,

Որը դառնում էր խայտառակություն:


Հետո խոսքուկռիվը սսկվեց մի օր.

Բոլորը փոխվեցին անդարձ,

Ու կյանքը դարձավ հանկարծ

Բանկ կոտրելու պես հեշտ ու փառավոր–

Կրած հաշիվ, ոչ մի կասկած:


Այնպես որ, կյանքը հեչ էլ չապաքինվեց

Հազար ինը հարյուր վաթսուներեքին

(Որն ինձ համար ուշ էր ահագին),

Երբ «Չեթըրլի»-ի արգելքը հանվեց,

Ու թողարկվեց Բիթլզի առաջին «էլ փի»-ն:


© ՖԻԼԻՓ ԼԱՐՔԻՆ



Ի ՓԱՌԱԲԱՆՈՒՄՆ ԻՄ ԱՐԳԱՆԴԻ


Ամեն ոք իմ մեջ թռչուն է:

Թափահարում եմ բոլոր թևերս:

Ուզում էին քեզ կտրել-հանել.

բայց չեն անի:

Ասացին` դու չափազանց դատարկ ես,

բայց դու դատարկ չես:

Ասացին` դու մահացու հիվանդ ես,

բայց սխալվեցին:

Դու երգում ես աշակերտուհու պես:

Քեզ չեն պատառոտել:


Հաճելի ծանրություն,

ի փառաբանումն կնոջ, որ ե՛մ

և կնոջ ոգու, որ ե՛մ

և գլխավոր էակի, և նրա հմայքի,

որ երգում եմ քեզ համար: Համարձակվում եմ ապրել:


Բարև՛, հոգի՛: Բարև՛, բաժակ:

Փակվիր, պատյան: Պարփակիչ պատյան:

Բարևս դաշտերի հողին:

Արմատներ, բարև՛:

Յուրաքանչյուր բջիջ իր կյանքն ունի:

Այստեղ այնքան կա, որ մի ազգի

կբավականացնի:

Ժողովուրդը բավական երկար տիրացավ սրանց:

Ամեն ոք, ամեն պետություն կասի սրա մասին.

«Ինչ լավ է, որ այս տարի նորից կարող ենք

տնկել ու սպասել բերքին:

Բույսերի հիվանդությունը եղավ ու անցավ»:

Շատ կանայք միասին երգում են սրա

մասին,

մեկը կոշիկի գործարանում հայհոյում է հաստոցը,

մեկն ավազանում փոկ է խնամում,

մեկը ձանձրանում է իր «Ֆորդի» ղեկի մոտ,

մեկը տուրք է գանձում,

մեկն Արիզոնայում հորթի թոկն է փորձում,

մեկը Ռուսաստանում թավջութակ է հեծնում,

մեկը Եգիպտոսում վառարանում կճուճներ է փոխում,

մեկն իր ննջասենյակի պատերը լուսնի գույնով է ներկում,

մեկը մեռնելիս նախաճաշի մասին է հիշում,

մեկը Թաիլանդում իր խսիրի վրա է մեկնվում,

մեկն իր երեխայի տուտուզն է լվանում,

մեկը դուրս է նայում գնացքի լուսամուտից,

Վայոմինգում, մեկն էլ ինչ-որ տեղ է, ոմանք`

ամենուր, և բոլորն ասես երգում են, չնայած

ոմանք բոլորովին լսողություն չունեն:


Հաճելի ծանրություն,

ի փառաբանումն կնոջ, որ ե՛մ:

ես կկրեմ տասը ոտնաչափ երկարության վզնոց,

թմբուկ կզարկեմ տասնինը տարեկանների համար

(եթե դա է իմ դերը):

Ես կուսումնասիրեմ սրտանոթային հյուսվածքը,

օդերևույթների անկյունային

հեռավորությունները,

կծծեմ ծաղիկները ցողունները

(եթե դա է իմ դերը):

Տոհմային ֆիգուրներ կպատրաստեմ

(եթե դա է իմ դերը):

Ես կերգեմ այն, ինչ մարմինն է

ուզում,

ընթրիքի համար,

համբույրի համար

և անսխալ

«այո»-ի համար:


© ԷՆՆ ՍԵՔՍԹԸՆ


Էնն Սեքսթըն

ԽԱՌՆՎԱԾՔՆԵՐ


9 դավաճանություն, 12 արտամուսնական կապ, 64 շնություն

ու բռնաբարություն հիշեցնող մի բան

Ամեն գիշեր հանգիստ նստած են մեր փաղաքուշ բարեկամ

Ֆլորիալիսի հոգու վրա,

Այդուհանդերձ մարդն իրեն այնքան զուսպ է պահում,

Որ կմտածեք, թե անարյուն ու անսեռ է: Բաստիդիդեսը` հակառակը. մերձեցումից բացի

Ոչնչի մասին չի խոսում կամ գրում.

Երկվորյակների հայր է դարձել,

Բայց թանկ գնով է իրականացրել սույն սխրանքը.

Կինը չորս անգամ դավաճանել է նրան:


© ԷԶՐԱ ՓԱՈՒՆԴ



ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻ ԲԱՆԱԿ


հեռախոսը զանգում է գիշերվա 1:30-ին.

ինչ-որ մեկը Դենվերից.

«Չինասկի, դու էստեղ համախոհների բանակ ունես...»

«յա»

«բա: ամսագիր եմ տպում, քո բանաստեղծություններից

մի վեց հատ պետք է...»

«ՉԻՆԱՍԿԻ ՔՈՒՆՈՂ ՉԿԱ», ինչ-որ մեկն է գոռում

կողքից...

«ոնց որ մենակ չես»,

ասում եմ:

«հա», ասում է, «հը՛, վեց

բանաստեղծություն...»

«Ո՞ՒՄ ՏԱՆՁԻՆ Է ՊԵՏՔ ԷԴ ՉԻՆԱՍԿԻՆ»,

լսում եմ մեկ ուրիշի

ձայնը:

«խմել եք երևի, հա՞»,

հարցնում եմ:

«հետո՞ ինչ», ասում է, «դու էլ ես խմում»:

«ճիշտ է...»

«ՉԻՆԱՍԿԻՆ ԲՈԶԻ ՏՂԱ Է»:

հետո

խմբագիրը հասցեն տվեց ինձ

որը գրի առա մի

ծրարի վրա:

«դե ուղարկիր տեսնենք ինչ ենք անում...»

«տեսնեմ...»:

«ՉԻՆԱՍԿԻՆ ՔԱՔ Է ԳՐՈՒՄ»:

«հաջող», ասացի:

«հաջող», ասաց

խմբագիրը: կախեցի:

իհարկե որոշակի միայնակ մարդիկ կան

ովքեր շատ բան չունեն անելու իրենց

գիշերների հետ:


© ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ


Չարլզ Բուկովսկի

ԹԱԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ


Թակելուց առաջ և նախքան մարմինը կասեր՝ ներս արի,

Երբ հեղուկ ձեռքերը թփթփացրին արգանդը դրսից,

Ես, որ շարունակ անձև էի հանց ջրերը բարի,

Որ ձև տվեցին Հորդանան գետին՝ իմ տանը դրկից-

Մնեթայի դստեր եղբայրն եմ եղել մի հազար տարի,

Եվ հանց քույրը մի հերացու որդի՝ չեմ իջել գրկից:


Ես, որ խուլ էի գարնան ու ամռան ձայնին բովանդակ,

Եվ չգիտեի արև ու լուսին իրենց անունով,

Հանկարծ զգացի ահեղ թրմփոց մարմնիս զրահի տակ,

«Որ» դեռ հալած վիճակում էր և չէր դարձել «ով»:

Կապարե աստղերն ու մուրճն անձրևոտ

Ճոճք էին բռնել հայրիկիս կողքին՝ գմբեթից իր տաք:


Շատ լավ գիտեի ես այս դաժան ձմռան ուղերձը,

Կարկուտը խոցված և ձյունը՝ մանկան դող.

Եվ քամիներն էին իմ քույր հանդերձը.

Ցատկեց հողմն իմ մեջ հանց դժոխածին ցող.

Տաք արևից հոսեց արյունս՝ շնչահեղձը:

Չծնված՝ ճանաչում էի արդեն գիշեր ու զօր:


Տակավին չարարված՝ տառապեցի ահագին,

Երազներիս մսուրը՝ ոսկորներս շուշան,

Շրջվելով դարձան մի կենդանի գաղտնագիր,

Ու ձևվեց մարմինս՝ հատնելու այդժամ

Լյարդի կախաղան-խաչերը, հանց գիր,

Ու քամված ուղեղի ծալքը մոշանման:


Կոկորդս ճանաչում էր ծարավ դեռ նախքան

Մաշկի ու երակի կառույցը ջրհորի շուրջ

Որտեղ բառերն ու ջուրը դառնում են միախառն-

Հաստատուն, մինչև արյունը դառնում է ստերջ.

Սիրտս ճանաչեց սեր, որովայնս՝ սով մի դառն.

Հոտոտեցի. որդ էր իմ կղկղանքի մեջ:


Ժամանակը քշեց իմ գոյը մահկանացության՝

Լողալու կամ խեղդվելու ծովերում պարապ.

Արդեն ծանոթ էի ես մակընթացության

Աղի արկածի հետ, որը չէր հասնում ափ.

Ես, որ հարուստ էի, ավելի հարստացա՝

Ըմբոշխնելով օրերի ողկույզն անարատ:


Ես, ծնված մարմնից և ուրվականից,

Ոչ այս էի, ոչ այն, այլ տեսիլ մահկանացու.

Մահվան փետուրն ինձ հանկարծակի գետնեց:

Մահկանացու էի մինչև մահացու

Շունչը այն վերջին, որ հորս մատնեց

Ուղերձն իր մահացող քրիստոս աստծու:


Դուք որ պաշտում եք խաչ ու զոհասեղան ամեն պահ

Հիշեք ինձ, և Նրա՛ն խղճացեք ամեն օր-

Ով միսուարյունս իր համար դարձրեց զրահ

Եվ անգթորեն խաբեց արգանդը իմ մոր:


© ԴԻԼԸՆ ԹՈՄԱՍ



ԲԱՐԻ ԳԵՐՄԱՆԱՑԻՔ


Հրավիրեցիր դու ինձ ձեր տուն

զգուշացրիր դու ինձ հանկարծ

որ քո հայրիկը ֆաշիստ է

մայրիկդ` բոզ մի դուրսընկած


Հիասթափվեցի մի տեսակ

ու ձանձրացա ես մերթընդմերթ

բարի գերմանացի են ձերոնք

իսկ դու տիպիկ Հիտլերյուգենդ


Գնամ ապրեմ ես Չինաստան

ուր էս տեսակ բարքեր չիք

ուր պոետ է մարդասպանըս

իսկ կուս. ընկերըս` աղջիկ


© ԼԵՆԸՐԴ ՔՈՀԵՆ


Լենըրդ Քոհեն

ՀԱՍԱՐԱԿ ՊՈՌՆԻԿԻՆ


Եղիր զուսպ և եղիր անկաշկանդ ինձ հետ, ես

Ուոլթ Ուիթմընն եմ,

շռայլ և առողջ, ինչպես բնությունը,

Քանի դեռ արևը քեզ չի բացասել, ես չեմ

բացասի քեզ,

Քանի դեռ ջրերը շողշողում են քեզ համար և

տերևները սոսափում են քեզ

համար, իմ բառերն էլ քեզ համար կշողշողան և

կսոսափեն:


Աղջիկս, ես ժամադրվում եմ քեզ հետ և

պատվիրում լինել պատրաստ`

արժանավայել ինձ դիմավորելու,

Պատվիրում եմ մնալ համբերատար ու գեղեցիկ`

մինչև այցելեմ: Իսկ մինչ այդ, ողջունում եմ քեզ

բազմանշանակալից մի հայացքով,

որպեսզի ինձ չմոռանաս:


© ՈՒՈԼԹ ՈՒԻԹՄԸՆ



ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ


Ի՞նչ աներ Ինեզը այն մարդուն

որը պատերազմ հայտարարեց նրա մարմնին

որը ռազմաճակատ բացեց նրա կրծքերի արանքում

Լիզե՞ր պիտի նրա մազոտ ոռը

Համբուրե՞ր պիտի նրա պզուկները

տաք շո՞ւնչ փչեր նրա ահռելի ոտնաթաթին

ե՞տ քաշեր իր հեշտոցի անկյունները

ու զռար քալիֆորնիական ավանակի պես


Պատերազմական ժամանակ էր Ինեզի համար

նա կանգնած նայում էր դանակին

վիրավորանքն ու

իր սեփական հոտը չորանում էին

նրան բռնաբարած մարդու անդամի վրա


Ինեզը կանգնել էր հրացանը ձեռքին

անելով այն ինչ պաշտպանության նախարարությունը կանի

պատերազմի ժամանակ

Իսկ երբ տղամարդը սկսեց խռնչալ, հևալ ու առաջ շարժվել

մի ահռելի խոզի նման

նա արճիճ մխեց նրա դողացող մարմնի մեջ

Արձակեց մինչև Գվադելուպեի կույսը

ու տոնեց մեռած ստոր բռնաբարողի օրը

ու էլ ինչ պիտի աներ գրողը տանի


Իսկ ի՞նչ աներ Խուաննան այդ մարդուն

որը պատերազմ հայտարարեց նրա կյանքին

Լիզե՞ր նրա կեղտոտ մռութը

Կծե՞ր նրա կրծքանշանի համարները

Կո՞ւլ տար նրա կեղտոտ ամորձիները

Ճզմե՞ր նրա փթած թրթուրների գունդը և

երգեր աստված պահի ամերիկան շնորհակալ եմ որ

պղծեցիր կյանքս


Պատերազմական ժամանակ էր Խուաննայի համար

Նա արեց այն ինչ պաշտպանության նախարարությունը

կաներ պատերազմի ժամանակ

իսկ երբ խմող ու քաքից հոտ քաշող ժամապահն ասաց մեզ

Էնպես կանեմ որ մեռնել ուզենաս սևամորթ քած էստեղ արի

Խուաննան մխրճեց քլունգը

այդ փչացած շունշանորդու կրծքի մեջ

ջարդեց այդ ցեղապաշտ ոստիկանի վիզը

Խուաննան պարեց քլունգների պարը ու ևս մեկ անգամ

օվկիանոսի մի ափից մինչև մյուսը ամեն մի տուն

տոնեց մեռած ստոր բռնաբարողի օրը

ու էլ ի՞նչ կարող էինք անել գրողը տանի


© ՋԵՅՆ ՔՈՐԹԵԶ


Ջեյն Քորթեզ

ՄՌԱՅԼ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՍԵՆՅԱԿԻ ՊԱՏԵՐԻՆ...


Ես կախում եմ պատերից իմ մանկության աղջիկների

հին լուսանկարները,

Սրտամորմոք նստում եմ, արմունկս սեղանին,

Կզակս ափիս վրա, ու զննում եմ

Հելենի հպարտ աչքերը,

Ջեյնի թույլ բերանը,

Սյուզընի ոսկե մազերը:


© ԳՐԵԳԸՐԻ ՔՈՐԶՈ



ՑԱՆՑԱՌՈՒԹՅԱՆ ՑՆԾՈՒԹՅՈՒՆԸ


Տիկնայք, ում ուշքին եմ արժանացել արդեն

Եթե շնորհներս համարում եք չնչին

Դալկաթույր, թորված, արհեստական, անդեմ,

Անճաշակ, մտաթափ, անարժան յուր գրչին,

Հավասարասփյուռ, քմապաշտ, փորկապված,

Այնքան անկարի, անողորկ, անխելք,

Ուրիշներից ազդված, ըստ ամենայնի կապկած,

Աստծո սիրույն, այդ ամենը ձեր ոռը կոխեք:


Տիկնայք, ովքեր ծաղրում են իմ մտքերը բոլոր,

Համարում դրանք, տգեղ, անալի, այլանդակ,

Ճոռոմ, հավակնոտ, անպատեհ, ընկնավոր,

Անախորժ ինչպես կիսահում կարկանդակ.

Կաղ ոտանավոր անհանգ ու անշեշտ,

Այնքան վատ որ նույնիսկ հնարավոր չէ փոխել

Զգայական փորձեր որ դառնում են զավեշտ,

Աստծո սիրույն, այդ ամենը ձեր ոռը կոխեք:


Տիկնայք, ովքեր կարծում են ինձ անչափ աղմկոտ

Կեցվածքամոլ անձ, այնքան որ մարդիկ

Ճարահատյալ գոչում են. «Ի՞նչ անոթ... անամո՛թ».

Իր խաղալիքներով տարված մի մանկիկ

Սևակեր առյուծիկներ, թնդանոթներ ծխարձակ,

Շոգեքարշ գնացք, անիվներ ու ղեկ.

«Ուզում է, որ դողանք ու լինենք լեղաճաք»:

Աստծո սիրույն, այդ ամենը ձեր ոռը կոխեք:


Իսկ երբ առոք-փառոք զբոսնեք մարգում,

Որտեղ հազար ու մի տեսություն է վարգում,

Իմ բարի մտքերն էլ նրանց հետ ժողովեք

Եվ, Աստծո սիրույն, ձեր ոռը կոխեք:


© ԹՈՄԱՍ ՍԹԸՐՆՍ ԷԼԻՈԹ


Թ. Ս. Էլիոթ

ՍԱՏԿԱՑՐԻՆՔ ՁԵՐ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԸՆԿԵՐՈՋԸ


Սիրիլ Քոնոլիի «Մահ Գրանադայում.

Գարսիա Լորկայի վերջին օրերը» գրքի գրախոսության

հիմամբ (The Sunday Times, մայիսի 20, 1973)


Սատկացրինք ձեր բանաստեղծ ընկերոջը

Էս առավոտ, էն որ մեծ ճարպոտ գլուխ ուներ

Թողեցինք փոսում ընկած

2 գնդակ արձակեցի նրա ոռի մեջ

որովհետև «կնիկ» էր


Ես էն մարդկանց մեջ էի

ովքեր գնացին Լորկային գտնելու

ու էդպես էլ ասացի Ռոզալեսին


Ես Ռուիզ Ալոնսոն եմ

նախկին տպագրիչ

պատգամավոր աջերի կողմից

ողջ ու առողջ տեղը տեղին

երդվյալ ֆալանգիստ


Կյանքս ապահովել եմ

քաղաքացիական գվարդիայի

տղերքն ընկերներս են


Որ բանաստեղծ էր ուրիշներից լա՞վն էր

«Հոմո» էր ախր

Իսկ մենք դրանցից արդեն զզվել ենք

Էստեղ Գրանադայում


Սպանության սև ջոկատները

զբաղված էին

պրոֆեսորներին բժիշկներին

փաստաբաններին ուսանողներին վերացնելով

ոնց որ Հավատաքննության էլ լավ օրերին


Գեներալ Խեպո դե Լյանոն

մի լավ խոսք ուներ

«Սուրճ տվեք դրան, լիքը սուրճ տվեք»:


Երբ Լորկային բռնեցին

Գեներալին հարցրինք թե ինչ անենք

«Սուրճ տվեք դրան, լիքը սուրճ տվեք»

Ու մենք նրան տարանք բլուրներն ու գնդակահարեցինք

Հիմի ասա տեսնեն ի՞նչ վատ բան արինք

ախր «կնիկ» էր էն էլ ձախ թեքումով


Ինքը չէ՞ր որ ասաց

Չեմ հավատում քաղաքական բարեփոխումներին


Ինքը չէ՞ր որ ասաց

Գրանադայի զավթումը 1942-ին

Ֆերնանդի և Իզաբելլայի կողմից

Իսկական աղետ էր


Ինքը չէ՞ր որ Գրանադան ամայի երկիր անվանեց

բնակեցված Իսպանիայի բուրժուաներով

արվամոլ հանցագործ բանաստեղծ

Գեներալ Ֆրանկոն ինձ մի մեդալ պարտք է

նրա ոռի մեջ 2 գնդակ արձակելու համար


© ՀԱՐՈԼԴ ՆՈՐՍ



ՈՂԲ


Ողբացեք իմ առնանդամի համար

Վիրավոր ու խաչված

Ճանաչելով ձեռք բերելու

Հոգելից իմաստություն

Բացելու պատերն առեղծվածի

Մահ ձեռք բերելու՝ առավոտյան շոուն դիտելիս

Հեռուստատեսային մահ որ կլլում է երեխային

Կրկեսային առեղծված որն ստիպում է ինձ գրել

Ապրանքատար գնացք


Իմ առնանդամի մահը կյանք է պարգևում

Ներեք խեղճ ծերունիներին ովքեր

Մեզ ներս թողեցին

Աստված ու մանկական աղոթք

Սովորեցրեցին մեզ

Գիշերվա կեսին


Կիթառահար

Հնօրյա իմաստուն այծամարդ

Տաղեր երգեք իմ առնանդամին

Պնդացրեք և ուղեկցեք մեզ


Մենք սառած

Կորած բջիջներ ենք

Ես դնում եմ իմ առնանդամը լռության

զոհասեղանին


© ՋԻՄ ՄՈՐԻՍԸՆ


Ջիմ Մորիսըն

ՍԻՐՈ ԴԱՍ


Նստած ձիգ ու անհաղորդ՝ իռլանդացի հեզ աղջիկ,

Ծնկներն իրար պինդ սեղմած- նույնիսկ այդժամ հասկացա,

Որ շուրթերդ կբացվեն իմ համբույրից առաջին.

Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…


Հետո արդեն հատակին՝ շրջազգեստդ ձգվեց վեր,

Ձգվեց մինչև երկնագույն կիսավարտիքը քո պիրկ,

Որն ուր որ է կպայթի իմ շոյանքից կարևեր.

Սիրավեպը չի կարող լինել ցամաք ու անկիրք:


Ո՞րն է անկեղծն ավելի. երբ Ջոն Դոնից եմ փչում

Եվ սա միջոց անվանում, բայց ոչ երբեք նպատակ,

Թե՞ երբ սեղմված քո ցոլքին «սիրելիս» եմ շշնջում.

Մտերմությունն այս է լոկ, մնացածը՝ փուչ կատակ:


Սուտ են բոլոր գրական դարձվածները սեթևեթ,

Սրա համար խենթացավ ուսուցիչը քո անքուն:

Սուտ է կյանքում ամեն բան. ճշմարտությունը ինձ հետ

Հանգրվանում է այնտեղ՝ քո ոտքերի արանքում:


© ՖԻԼԻՊ ՀՈԲՍԲԱՈՒՄ



ՍԻՐԵԿԱՆԻՍ, ՈՎ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ԿՆՈՋ ՄՈՏ


Նա անմահ է:

Նա զգուշորեն հալչել է քեզ համար

և բուսնել քո մանկությունից,

քո հարյուրավոր սիրելի խաղալիքներից:

Նա միշտ կա, սիրելիս,

Նա շատ նրբագեղ է, եթե ճիշտն ասենք:

Հրավառությունը մռայլ փետրվարի կեսին

և իրական ինչպես չուգունե կճուճ:

Ճիշտն ասենք, ես ժամանակավոր եմ եղել:

Շքեղություն: Միակայմ կարմիր նավ`

նավահանգստում:

Բարակավիզ կակղամորթ անժամանակ ծնված:

Իսկ նա ավելին է: Նա քո ունեցվածքն է,

ջրել ու աճեցրել է քեզ. արևադարձայինիդ:

Ոչ մի գիտական փորձ: Տեղով

ներդաշնակություն է:

Նա նորոգում է մակույկի թիերն ու թիանցքները,

Նախաճաշին լուսամուտի գոգին վայրի

ծաղիկներ է դնում:

Կեսօրին նստել է բրուտի անիվի մոտ,

լուսնի տակ երեք երեխա է բերել,

երեք քերովբե` Միքելանջելոյի ձեռքով նկարած:

Ծնել է` բացելով ոտքերը մատուռում

այն սարսափելի ամիսներին:

Եթե վերև նայես, կտեսնես երեխաներին-

գեղեցիկ օդապարիկներ առաստաղի տակ:

Նաև ճաշից հետո գրկել տարել է նրանց

քնեցնելու, գլուխները թույլ ընկած,

ոտքերը դեռևս աշխույժ, և դեմքը նրա

շառագունել է օրորոցայինից ու նրանց անուշ քնից:

Ես վերադարձնում եմ քեզ քո սիրտը:

Ես քեզ թույլ եմ տալիս...

Հանուն նրա մեջ գտնվող պայթուցիկ նյութի, որը

ցնցվում է

կեղտի մեջ, հանուն նրա մեջ ապրող քած շան,

հանուն վերքի թաղման,

հանուն կարմիր ու կենդանի վերքի թաղման,

հանուն նրա կողերի տակ առկայծող թույլ լույսի,

հանուն նրա ձախ զարկերակում սպասող հարբած

նավաստու,

հանուն մայրական ծնկի, հանուն գուլպաների,

հանուն կոնքագոտու, հանուն կանչի...

այն զարմանալի կանչի,

երբ դու կփորփրես նրա բազուկներն ու

ստինքները,

կպոկես նրա վարսերի նարնջագույն ժապավենը

ու կարձագանքես կանչին, զարմանալի կանչին:

Նա այնքան մերկ է ու եզակի:

Նա քո էության և քո երազի հանրագումարն է:

Մագլցիր նրան, որպես արձանի, քայլ առ քայլ,

նա չի երերա:


Իսկ ես ջրաներկ եմ:

Շուտ եմ մաքրվում:


© ԷՆՆ ՍԵՔՍԹԸՆ



Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ