10 գիրք, որոնք ձեզ ավելի խելացի կդարձնեն



«Լինել իմաստուն՝ նշանակում է գիտակցել, թե որքան չնչին են մեր գիտելիքները»: Սոկրատես


1. Դանիել Կահնեման. «Մտածիր դանդաղ... Որոշիր արագ»


Ականավոր հոգեբան, Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Կահնեմանն իր գրքում բացատրում է, թե ինչու ենք մենք շատ հաճախ դիմում չմտածված քայլերի և կայացնում ոչ ռացիոնալ որոշումներ։ Մեր գլխում գործում են մտածողության երկու համակարգեր․ «դանդաղ» մտածողությունը միանում է, երբ մենք որևէ խնդիր ենք լուծում կամ ընտրություն ենք կայացնում խանութի ցուցափեղկի առջև։ Սովորաբար մեզ թվում է, թե այդ պրոցեսները հստակորեն կառավարվում են մեր կողմից, սակայն չմոռանանք, որ մեր գիտակցության հետևում՝ ֆոնային ռեժիմում անընդհատ աշխատում է «արագ» մտածողությունը՝ ակնթարթային, ավտոմատ և չգիտակցված․․․


ԿԱՐԴԱԼ



2. Ումբերտո Էկո. «Սատանայի անեծքը»


«Սատանայի անեծքը» Ումբերտո Էկոյի՝ 2000-2015 թվականներին L’Espresso ամսագրում տպագրված լավագույն հոդվածների ժողովածուն է։ Այդ հոդվածների թեմաները բազմազան են՝ ինտերնետում հաքերական հարձակումներից և մամուլում հայտնված՝ ընտրողների կաշառման մասին ինֆորմացիայից մինչև «Ֆուտուրիզմի մանիֆեստ» և գերժամանակակից էլեկտրոնային սարքավորումներ։ Էկոն օժտված է հասարակ կենցաղային իրադարձությունների մեջ գլոբալ սոցիալական, քաղաքական և մշակութաբանական շարժեր տեսնելու հատուկ տաղանդով և հասկանալի լեզվով, պարզ օրինակների միջոցով բացատրում է ամենաբարդ փիլիսոփայական հասկացությունները։ Այս գիրքն ընթերցողին թույլ կտա դիտարկել ժամանակակից «հոսող հասարակությունը» նոր անկյան տակ։


ԿԱՐԴԱԼ


3. Սթիվեն Հոքինգ. «Ժամանակի համառոտ պատմություն»


Բրիտանացի հանրահայտ ֆիզիկոս, տիեզերաբան Սթիվեն Հոքինգի «Ժամանակի համառոտ պատմություն» գիտահանրամատչելի այս գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1988 թվականին և պատմում է Տիեզերքի առաջացման, տարածության և ժամանակի էության, սև խոռոչների, լարերի տեսության և որոշ մաթեմատիկական խնդիրների մասին: Այնուամենայնիվ, գրքի էջերում կարելի է տեսնել ընդամենը մեկ բանաձև՝ E=mc²։ Գիրքն իր հրատարակման օրվանից առ այսօր հանդիսանում է բեսթսելեր, գրված է պարզ լեզվով և նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։




4. Հերբերտ Ուելս. «Համաշխարհային քաղաքակրթության համընդհանուր պատմություն»


Հանրահայտ ֆանտաստ-գրող Հերբերտ Ուելսն այս գրքում հանդես է գալիս որպես պատմության փայլուն գիտակ, կրթված զրուցակից, որն ունակ է, առանց մանրամասների մեջ խորանալու, պատմել Հին Հռոմի, Կոնֆուցիոսի և Գաուտամա արքայազնի, Խաչակրաց արշավանքների, Նապոլեոն Բոնապարտի անձի մասին։ Այս գիրքը դասագիրք չես անվանի բնավ․ նրա հեղինակը չափից դուրս կենսասեր է և ինքնուրույն։ Քաղաքակրթության պատմությանը Ուելսն անդրադառնում է խելամտորեն և պարզությամբ, ինչպես լավ կրթված և հետաքրքրասեր մարդը` գրավիչ երևույթին։ Նրան հետաքրքրում են նույն բաները, ինչ «պատմական ընթերցանության» ցանկացած սիրահարին՝ փաստեր, դեպքեր, բայց ամենակարևորը՝ մարդիկ՝ իրենց կրքերով, ինտրիգներով, հույսերով և մոլորություններով։


ԿԱՐԴԱԼ


5. Ռեյ Կուրցվեյլ. «Բանականության էվոլյուցիա»


Ռեյ Կուրցվեյլի աշխատանքների գլխավոր թեման արհեստական բանականությունն է, որը ժամանակի ընթացքում կգերիշխի մարդկային կյանքի բոլոր ոլորտներում։ Իր «Բանականության էվոլյուցիա» գրքում Կուրցվեյլը բացահայտում է մարդկային ուղեղի հետադարձ նախագծման ոլորտում հնարավորությունների անսահմանափակ պոտենցիալը։ Հեղինակը դիտարկում է ուղեղի աշխատանքի փոխկապակցվածությունը գիտակցության հետ և մանրամասնորեն լուսաբանում է պատկերների մտավոր ճանաչման տեսությունը։ Բացի այդ, նա փնտրում է բանականության հետ կապված որոշ հարցերի պատասխանները։ Մեր ուղեղի որ ատրիբուտներն են ազդում անձի ձևավորման վրա։ Արդյո՞ք գոյություն ունի կամքի ազատություն, թե՞ այն ընդամենը խաբկանք է։ Կուրցվեյլն ընթերցողների հետ կիսվում է նեյրոկենսաբանության ոլորտին առնչվող իր գաղափարներով և կանխատեսում է մի ապագա, որտեղ արհեստական բանականությունն առօրյա կյանքի անքակտելի մաս է։


ԿԱՐԴԱԼ


6. Հենրի Դևիդ Թորո. «Ուոլդեն, կամ Կյանքն անտառում»


Ամերիկացի տրանսցենդենտալիստ գրող Հենրի Դեյվիդ Թորոն իր գրքում նկարագրում է հասարակությունից հեռու՝ բնության մեջ միայնակ անցկացրած երկու տարիները (չնայած որ գրքում նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեկ տարում)։ Նա այդ ընթացքում ապրում էր անտառում, Ուոլդեն լճի ափին (որտեղից էլ` գրքի վերնագիրը)։ «Ուոլդենը» դժվար է միայն մեկ գրական ժանրի վերագրել։ Այն մի կողմից ունի ինքնակենսագրական բնույթ, մյուս կողմից գիրքն ավելի շատ հայտի է Թորոյի փիլիսոփայական և ներհայեցողական դիտարկումներով։ Թորոն նաև քննադատում է (հաճախ անուղղակիորեն) ամերիկյան շատ արժեքներ, մասնավորապես մասնավոր սեփականությունն ու աշխատասիրությունը։ Որպես այլընտրանք նա առաջարկում է իր որդեգրած կենսակերպը։


ԿԱՐԴԱԼ


7. Էռնստ Գոմբրիխ. «Արվեստի պատմություն»


«Ճաշակին ընկեր չկա» հին ասացվածքն ինքնին ճիշտ է, բայց դա չի կարող նսեմացնել այն հանգամանքը, որ ճաշակը հնարավոր է զարգացնել»:

— Էռնստ Գոմբրիխ


Պրոֆեսոր Էռնստ Գոմբրիխն իր «Արվեստի պատմություն» կոթողային աշխատության մեջ բարդ երևույթների մասին պատմում է պարզ, հետաքրքրաշարժ կերպով, ընթերցողի հանդեպ մեծ հարգանքով համակված։ Ճիշտ ընտրված տոնը նրան թույլ է տալիս իր գրքում համատեղել հաճույքը և օգտակարությունը․ իզուր չէ, որ այն համեմատում են ճշգրիտ քարտեզի հետ, որն անփորձ ճանապարհորդին չի թողնում մոլորվել արվեստի անծանոթ աշխարհում։


ԿԱՐԴԱԼ


8. Բերտրան Ռասսել. «Արևմտյան փիլիսոփայության պատմություն»


«Գիտությունը դա այն է, ինչ մենք գիտենք, փիլիսոփայությունը` այն, ինչ մենք չգիտենք»:

— Բերտրան Ռասսել


Անգլիացի փիլիսոփա և մաթեմատիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Բերտրան Ռասսելի այս ֆունդամենտալ աշխատանքն իրենից ներկայացնում է արևմտաեվրոպական փիլիսոփայական մտքի զարգացման համապարփակ հետազոտություն` հունական քաղաքակրթության ծագումից մինչև XX դարի 20-ականներ։ Ալբերտ Էյնշտեյնն այն համարել է «բարձրագույն մանկավարժական արժեք հանդիսացող աշխատանք, որը վեր է ամեն տեսակ խմբերի և տեսակետների բախումից»։ Գրքի վերջին գլուխը նվիրված է հեղինակի սեփական՝ բանաստեղծական անալիզի տեսությանը։


ԿԱՐԴԱԼ


9. Էրիկ Հոֆեր. «Ճշմարիտ հավատացյալը»


«Զանգվածային շարժման առաջնորդն զգում է ամենահաղթ, միայն իրեն ենթարկվող այն ուժը, որով նա կսրբի-կտանի կայսրություններ, բանակներ և ներկա իշխանության ամենակարողությունը։ Զանգվածներից նա, ինչպես Աստված` արարման օրը, կկերտի Նոր աշխարհը»։


Հասարակական մտքի դասական Էրիկ Հոֆերի «Ճշմարիտ հավատացյալը։ Մտորումներ զանգվածային շարժումների էության մասին» բացառիկ աշխատությունը հետազոտում է մարդկության զանգվածային շարժումների՝ լինի դա կուսակցություն, կրոնական ուղղություն, ազգային կամ սոցիալական հեղափոխություններ, բնույթը և բովանդակությունը։ Ինչո՞վ բացատրել զանգվածների համար համաշխարհային պատմության և հոգևոր մշակույթի այնպիսի ոչ միանշանակ կերպարների գրավչությունը, ինչպիսիք են Քրիստոսը, Բուդդան, Մուհամեդը, Հիտլերը, Ստալինը։ Երևան բերելով օրինաչափություններ, հեղինակը տալիս է յուրօրինակ, հաճախ պարադոքսալ պատասխաններ։


ԿԱՐԴԱԼ


10. Յուվալ Նոյ Հարարի. «Sapiens. մարդկության համառոտ պատմություն»


Համատեղելով բնագիտական մոտեցումը պատմականի հետ, իսրաելցի պատմաբան Յուվալ Նոյ Հարարին կասկածի տակ է դնում բոլորի կողմից ընդունված մի շարք գաղափարներ, բացահայտում է կապը անցյալի իրադարձությունների և մերօրյա երկյուղների միջև, դիտարկում է առանձին իրադարձությունները գլոբալ կոնտեքստում։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մենք սովորել ենք փոփոխել բնական ընտրության օրենքը, որը կառավարում էր կյանքը վերջին 4 միլիարդ տարիների ընթացքում, և մենք առաջին անգամ հնարավորություն ունենք վերստեղծել ոչ միայն շրջակա աշխարհը, այլ նաև ինքներս մեզ։ Իսկ ի՞նչ ենք մենք ուզում դառնալ, և ո՞ւր կտանի դա մեզ։ Ուսումնասիրելով, թե ինչպես է զարգացող մարդկությունը ազդել գլոբալ էկոհամակարգի վրա և վերլուծելով կայսրությունների ճակատագրերը, դոկտոր Հարարին հայացք է գցում ապագային։


ԿԱՐԴԱԼ


Բոնուս«Այս գիրքը ձեզ ավելի խելացի կդարձնի»

Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ