Ֆրանց Կաֆկան կինոյում



«Գնացի ֆիլմ դիտելու։ Արտասվեցի։ Բացառիկ զվարճանք է․․․»,- գրել է Ֆրանց Կաֆկան իր օրագրերից մեկում։

Հանճարը, ով սիրում էր կինեմատոգրաֆը


Համաշխարհային գրականության ամենաանըմբռնելի երևույթներից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի ստեղծագործություններն էկրանավորվել են բազմաթիվ անգամ, իսկ նրա՝ նախադեպը չունեցող աշխարհափիլիսոփայության մոտիվները տեղ են գտել այնքան ֆիլմերում, որ անհնար է այդ քանակությունը վերածել հստակ թվի։ Կաֆկայի գրականությունը, լինելով չափազանց բարդ, փորձաքարի պես գայթակղել է կինեմատոգրաֆիստներին, ովքեր ձգտել են նորից ու նորից մեծ էկրան տեղափոխել նրա հերոսներին և վերջիններիս շրջապատող տարօրինակ միջավայրը, արտացոլել կաֆկայական իրականությունն ու չձախողվել։ Թերևս, Կաֆկային կզարմացներ ու կուրախացներ կինեմատոգրաֆի հետաքրքրությունն իր արվեստի հանդեպ, քանի որ նրա կենսագրության առավել քիչ հայտնի էջերի վերջին ուսումնասիրությունները բացահայտում են ուշագրավ փաստեր Կաֆկայի՝ կինոյով լրջորեն հրապուրված լինելու մասին։ Նրա համար կանխորոշված էր ընդամենը 40 տարվա կյանք, և, վախճանվելով 1924թ-ին, նա այդպես էլ չհասցրեց տեսնել, որ իր և կինեմատոգրաֆի սերը փոխադարձ է։


«Ֆրանց Կաֆկայի դիմանկարը», Էնդի Ուորհոլ

Ինչևէ, Կաֆկայի կենսագիրներն ու երկրպագուները չեն դադարում ենթադրություններ անել այն մասին, թե հատկապես ո՛ր ֆիլմերն են այդքան ուժգնորեն հուզել նրան, և այդ ֆիլմերը ազդեցություն թողե՞լ են, արդյոք, նրա ստեղծագործությունների վրա։ Գերմանացի ռեժիսոր, գրող և դերասան Հանս Զիշլերը 2002թ-ին ի մի է բերել իր երկարատև հետաքննության արդյունքները և հրատարակել է «Կաֆկան գնում է կինո» գիրքը, որտեղ շարադրել է բացառիկ փաստեր մեծ գրողի կյանքից։ 1907թ-ին, երբ Պրագայում բացվում է առաջին մշտական գործող կինոթատրոնը, Կաֆկան և նրա հավատարիմ ընկեր, գործընկեր ու կենսագիր Մաքս Բրոդը դառնում են այդ կինոթատրոնի հաճախակի այցելուները։ Համր ֆիլմերի ցուցադրությունների ընթացքում հանդիսատեսի առաջ կանգնում էր նաև որևէ անձ, ում հանձնարարված էր բացատրել մեծ էկրանին երևացող գործողությունների իմաստը, ֆիլմի սյուժեն։ Բացատրական աշխատանք իրականացնողները հաճախ այնքան էին հրապուրվում իրենց առաքելությամբ, որ սկսում էին ֆիլմի հերոսներին հավասար ճչալ, արտասվել, արտացոլել միաժամանակ բոլոր գործող անձանց հույզերը՝ ասես դառնալով համր ֆիլմերի ձայնը։ Ֆիլմերի գովազդում նշվում էր․ «Տեսարաններ կյանքի և երազների աշխարհից»։ Կաֆկան ու Բրոդը կախարդվածի պես հետևում էին այդ ամենին։ Զիշլերը Կաֆկայի վաղ շրջանի օրագրերում հայտնաբերել է բազմաթիվ անավարտ գրառումներ նրա կինոդիտումների մասին և եզրակացրել է, որ վերջինս հետևում էր այդ տարիների գրեթե բոլոր պրեմիերաներին։


Գերմանացի փիլիսոփա Թեոդոր Ադորնոն, 1930-ականներին գրելով Կաֆկայի մասին, նրա գրական ստեղծագործությունները բնորոշել է որպես «համր ֆիլմերի վերջին, անհետացող տեքստային հղումներ»։ Նա վկայակոչել է Կաֆկայի «Կերպարանափոխությունն» ու «Դղյակը»՝ այդ երկերում նշմարելով համր կինոյի վաղ շրջանի գլուխգործոցներին բնորոշ տեսարաններ։ Հերթական կինոդիտումից հետո, ինչպես նշում է Հանս Զիշլերը, Կաֆկան ու Մաքս Բրոդը սկսում էին զուգահեռներ անցկացնել իրենց շրջապատող իրականության և կինոյի միջև՝ էկրանային կերպարներին տեղափոխելով իրական կյանք, իսկ իրական կերպարներին՝ մեծ էկրան։ Այդ «խաղը», ի վերջո, վերածվում էր զվարճալի մտավարժանքի՝ սնելով նրանց երևակայությունը։ «Նա գնում էր կինոթատրոն, որպեսզի մոռացության տա իրեն այդքան տանջող իրականությունը»,- եզրակացնում է հեղինակը։ Այսպիսով, կինոն Կաֆկայի համար փախուստի միջոց էր։ Հետաքրքրական է, որ Կաֆկայի՝ այս թեմայով գրառումները 1913թ-ին հանկարծակի ընդհատվում են։ Պատճառը, հավանաբար, անձնական ու առողջական խնդիրներն էին, որոնք շարունակաբար հետապնդում էին նրան...


Աղբյուրը՝ Kinoversus.com



Հետադարձ կապ

+374 99 737107

kkardam.sales@gmail.com

Նոր գրքերի մասին

տեղեկացեք առաջինը

© 2018 Kkard.am - Գրքերի վարձույթ